Մարությանի «ՍՈԼՈ» ՍՊԸ-ի թնջուկը

Ժամեր առաջ, դեռևս հունվարի 8-ին 168.am-ում հրապարակված «Երևանի քաղաքապետի հետ փոխկապակցված ընկերությունների հարկային ոդիսականը» նյութի առնչությամբ, իր ֆեյսբուքյան էջում հերքման տեքստ է հրապարակել Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Տեքստում մեջբերումներ են մեր հոդվածից և ընդամենը հերքման մեկ նախադասություն, այն է` «Մինչդեռ, բաց աղբյուրներից կարելի է իմանալ, որ հոդվածում մեջբերված, սնանկ ճանաչված և հարկային պարտավորություններից խուսափած «Սոլո» ՍՊԸ-ն և ժամանակին Հայկ Մարությանի մասնակցությամբ գոյություն ունեցող «Սոլո»-ՍՊԸ-ն տարբեր ընկերություններ են (տարբեր գրանցման համարներ և հասցեներ ունեն, տե՛ս լուսանկարներում): Ընդ որում, համաձայն ՀՀ օրենսդրության, նույնանուն ընկերություններ միաժամանակ գրանցված լինել չեն կարող, հետևաբար, ժամանակին Հայկ Մարությանի մասնակցությամբ գոյություն ունեցած «Սոլո»-ն գրանցումից դուրս է եկել առնվազն այս մի «Սոլո»-ի ի հայտ գալուց (2007թ.-ից) առաջ: Սա է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում առկա են միայն մեկ՝ սնանկ ճանաչված «Սոլո»-ի մասին տվյալներ»:

Այնուհետև քաղաքապետի խոսնակը մեզ խորհուրդ էր տվել վերանայել նյութը, նոր կամ համարժեք հոդված հրապարակել, ինչը և անում ենք անմիջապես, ի դեպ:

Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ Պետական ռեգիստրի` Հայկ Մարությանի անվան հետ կապվող ՝ «ՍՈԼՈ» ՍՊԸ-ի քաղվածքից երևում է, որ թեպետ կազմակերպությունը լուծարված չէ, այդուհանդերձ 2015թ․սեպտեմբերին առկա է սահմանափակումների վերաբերյալ գրառում։ Ուսումնասիրելով՝ հայտնաբերեցինք, որ դրա պատճառն է հանդիսացել ԵԱՔԴ/0062/04/15 դատական գործը, որի վճռով՝ տվյալ կազմակերպությունը ճանաչվել է սնանկ։ Դատական գործի առիթ է հանդիսացել Արաբկիրի հարկային տեսչության հայցը, որով վերջինս հիմնավորել է «ՍՈԼՈ» ՍՊԸ-ի կողմից 2015թ․մարտ ամսվա դրությամբ 1.014.887 դրամի չափով հարկային պարտավորությունների չկատարումը։

Այս սահմանափակումն ամբողջովին համընկնում է այն ժամկետի հետ, երբ նշված դատական վճիռն է կայացվել: Համընկնում են նաև մնացած բոլոր տվյալները` սկսած այն փաստից, որ ըստ էության երկու ընկերություններն էլ տնօրեն չունեին:

Հիմա չենք խոսում այն մասին, որ կատարվածն ըստ ամենայնի արհեստական սնանկացում է եղել հարկային պարտավորություններից խուսափելու համար, որովհետև, փաստորեն, ընկերությունը կա, բայց տնօրեն ու գույք չկա. շատ լավ տարբերակ է բաժնետերերի համար առանց բացասական հետևանքների՝ ընկերությունը լուծարելու համար:

Չենք էլ անդրադառնում փաստերի աղաղակող համընկնումներին:

Այսպես`

05.05.2015-ին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, պետական մարմինների ծանուցման ամսաթիվը եղել է` 05.06.2015: Հայկ Մարությանի ընկերությունն էլ 17.09.2015-ով սահմանափակման է ենթարկվել:

Խնդրահարույց է նաև խոսնակի այն պնդումը, թե նույնանուն ՍՊԸ-ն ստեղծվել է նախորդի լուծարումից հետո, քանի որ, ըստ նշված տվյալի` այն ՍՈԼՈ ՍՊԸ-ն, որը, Կարապետյանի պնդմամբ` փոխկապակցված չէ Մարությանի հետ, գրանցվել է 2017 թվականին, մինչդեռ Մարությանի ՍՊԸ-ն, ըստ ռեգիստրի, ստեղծվել է 1996-ին և առ այսօր, կրկին, ըստ ռեգիստրի պաշտոնական տվյալների, լուծարված չէ: Այսինքն` առնվազն մի քանի տարի երկու ընկերությունները զուգահեռ գործունեություն են ծավալել:

Իհարկե,  եթե ընդունենք` վկայականների համարները տարբեր են, ուրեմն սա այլ ընկերություն է, շատ լավ, համաձայն ենք, միգուցե համեմատություններ անցկացնելիս վրիպել ենք, բազմաթիվ նույնական համընկնումների կողքին անտեսել ենք վկայականների համարների տարբերությունը,  ուրեմն այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ այդ ընկերությունը չի հայտարարագրել քաղաքապետ Մարությանը:

Միգուցե հրաշք է տեղի ունեցել, ու հետին թվով վկայականի համա՞ր է փոխվել Պետական ռեգիստրի անփութության պատճառով, կամ չի փոխվել, ու մենք ենք վրիպել, բայց Պետռեգիստրում հստակ գրված է, որ քաղաքապետն այդ ընկերությունում բաժնետեր է, ուրեմն ինչո՞ւ նրա բաժնեմասի մասին ոչինչ չկա իր հայտարարագրում: Իսկ գուցե այստեղ էլ Պետռեգի՞ստրն է մեզ խաբում:

Ինչևէ, մենք կփորձենք քանդել այս թնջուկը, բայց մինչ այդ անդրադառնանք քաղաքապետի խոսնակի` հեշթեգով գրառման ամենավերջում ֆեյքերին հերքելու պատրաստակամությանը:

Եվ, ի գիտություն քաղաքապետի խոսնակի

Հետաքրքիր է՝ ո՞ր ֆեյքին է հերքում խոսնակը: Եթե ֆեյք ասելով` նա 168.am-ին նկատի ունի, ուրեմն Հակոբ Կարապետյանը հերքում է այն «ֆեյքին», ում խնդրում էր Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի մասին ունեցած մեր ստացած տեղեկությունը չհրապարակել, մինչև ինքը մեզ ինֆորմացիա տրամադրի: Ի դեպ, հստակ կոռուպցիոն գործարքի մասին էինք հարցնում, և մենք անսալով այդ խնդրանքին՝ սպասեցինք: Իսկ ինֆորմացիան այն մասին էր, որ Արարատ Խաչիկյանն այլևս կոմունալ վարչության պետը չէ: Փաստորեն, մեր հարցից հետո 1-2 ժամվա ընթացքում նա հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Չենք մոռացել, թեման փակ չէ:

Կփորձենք հետևողական լինել ու հասկանալ, թե այդ բազմամիլիոնանոց տենդերն ինչո՞ւ այնուամենայնիվ տրվեց կոմունալ վարչության պետի քրոջ որդու` շատ նորաստեղծ ընկերությանը:

Իսկ ֆեյքերի դեմ պայքարը լավ բան է իրականում, և մենք էլ կկրկնապատկենք այդ պայքարին ուղղված ջանքերն ու հետևողականությունը:

«168 Ժամ» թերթի  և 168.am-ի խմբագրության կողմից

Տեսանյութեր

Լրահոս