Ոստիկանությունը պարզաբանում է «Սասնա ծռեր»-ի տարածած հաղորդագրությունը՝ կուսակցության անդամին բռնության ենթարկելու վերաբերյալ
Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ եւ հնչեցրել է հայհոյանքներ։ Ոստիկաններն անմիջապես արձագանքել են և, սպառելով համոզման բոլոր մեթոդները, իրականացրել են վարչական ձերբակալում, այդ տղամարդուն բերել են Քանաքեռ-Զեյթունի բաժին, պարզել նրա ինքնությունը, կազմել վարչական ձերբակալման, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և նախապատրաստել նյութեր։ Բաժին բերված տղամարդը հրաժարվել է բացատրություն տալուց, այնուհետև «Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնում» ստուգվել է նրա սթափությունը։ Վերջինիս մոտ ախտորոշվել է ալկոհոլային հարբածություն 0,50 մլգլ աստիճան։
Միևնույն ժամանակ բերված տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, որ բաժնում քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկն ապտակել է իրեն։ Նույն պահին նրան առաջարկվել է տալ հանցագործության մասին հաղորդում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ առանց փաստաբանի որևէ բան չի հայտնի և ստորագրի։ Չնայած այս հանգամանքին՝ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննության բաժանմունքում սկսել են նյութեր նախապատրաստել։
Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, «շտապօգնության» խումբը կանչով հիշյալ տղամարդուն տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և նրա մոտ ախտորոշվել է «աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի սալջարդ-կոտրվածք հարցականով»։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վերջինս կրկին հրաժարվել է մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց և բացատրություն տալուց՝ հավելելով, որ առավոտյան փաստաբանի հետ կներկայանա ոստիկանություն։
Հունվարի 9-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հաղորդում տվել, որ հունվարի 7-ին Բաբայան փողոցում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում հարվածել են ոտքերին ու կանգնել իր ոտքերի վրա՝ հանգամանքներ, որոնց մասին վերջինս չի բարձրաձայնել դեպքից հետո և կրկին պնդել է, թե քաղաքացիական հագուստով անձն ապտակել է իրեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Ոստիկանությունը բռնության է ենթարկել կուսակցության անդամներից Սեդրակ Նազարյանին: