Բաժիններ՝

«Հիմա հնավայրի բացումը շատ դժվար կլինի, եթե բացեն՝ պատերի մի մասը կքանդվի, ամեն ինչ շատ զգուշորեն պետք է անեն». Հնագետը՝ Հրապարակի ստորգետնյա հնավայրի մասին

Օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնավայրից լուսանկարներ և կից գրել. «Սա կարող է իրականություն դառնալ շուտով։ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»։

Նախարարի այս գրառման տակ մի շարք օգտատերեր դրական մեկնաբանություններ էին գրել, ոմանք էլ նշել էին, որ դրա փոխարեն՝ պետք է Սևանի խնդիրը լուծել, որ վաղը-մյուս օրը թանգարան չդառնա, շատերն էլ գրել էին, թե կան նաև այլ հնավայրեր, ինչո՞ւ դրանք պահպանելու համար ծրագրեր առաջ չեն քաշում։
2003 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանը և Աղավնի Ժամկոչյանը պեղումներ են կատարել ստորգետնյա հնավայրում։

Ըստ Ֆրինա Բաբայանի՝ այդ տարածքը մեծ արժեք է ներկայացնում, որը ժամանակին բացեցին, սակայն հետո աղբով փակեցին։
«Այն ժամանակվա Կառավարությունը թույլ չտվեց, որ այն դարձնեն թանգարան։ Մերժման հիմքը հետևյալն էր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի առթիվ՝ ՀՀ անկախության օրը, այդ տարածքում շքերթ պետք է անցկացվի, ու պետք է մոզաիկա անել։ Մոզաիկա արեցին, ու անհամ բան ստացվեց։ Մեր պեղած հուշարձանը փակեցին ու ասֆալտապատեցին։ Այո, կողմ եմ, որ այն բացեն, այնտեղ շինությունները բացվել են 4 մետր բարձրությամբ, ճիշտ է, դրանց մի մասը քանդված էին, մյուսները՝ ոչ»,- ասաց Ֆրինա Բաբայանը։

Հնագետի խոսքով՝ այսօր հնավայրի բացումը, պեղումներ անցկացնելը և թանգարան դարձնելը կրկնակի ծախսեր է պահանջում, սակայն կողմ է, որ այդ ծրագիրն իրականություն դառնա։

«Այդ տարածքում մեր 17-18-րդ դարերի բնակելի շինությունների մնացորդներն են՝ շենքերի նկուղները, տները քանդվել են 1679 թվականի երկրաշարժի հետևանքով։ Եթե չեմ սխալվում, ստորգետնյա ամբողջ տարածքը 400 քմ է։ Նախ՝ այդ հնավայրը պետք է բացեն, տեսնեն, թե ինչ է պահպանվել, որից հետո պետք է խորհուրդ ստեղծվի՝ տարբեր հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի հասկանան, թե գործընթացն ինչպես է պետք կազմակերպել։ Հիմա հնավայրի բացումը շատ դժվար կլինի, քանի որ, եթե հիմա բացեն, ապա պատերի մի մասը կքանդվի, ամեն ինչ շատ զգուշորեն պետք է անեն։ Կրկնում եմ՝ նախ պետք է պեղեն, հետո որոշեն, թե ինչ են անելու, թանգարա՞ն, սրճարա՞ն, թե՞ մեկ այլ բան։ Կարևորն այն է, որ այդ տարածքը մնա և պահպանվի»,- շեշտեց նա։

ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ տարիներ առաջ այդ վայրը հնագետները բացել էին, այնուհետև, որոշ ուսումնասիրություններ կատարելուց հետո, ավազով փակել։

«Ստորգետնյա այդ վայրում կամարակապ նկուղներ էին, հնագետներն այդտեղ որոշ բաներ գտել էին։ Հնարավոր է այն թանգարան դարձնել, բայց ամբողջ հրապարակն ի՞նչ են անելու։ Թե այն իրենից ինչ արժեք է ներկայացնում, առանձին ուսումնասիրության թեմա է, պետք է նաև նախագիծ արվի։ Եթե որոշեն, որ այդ տարածքն իսկապես թանգարան են դարձնելու, ապա տարածքի շենքերի հիմքերին չպետք է ձեռք տան, դրա իրավունքը չունեն։ Այդուհանդերձ այս ծրագիրն իրականություն դարձնելը մեծ, շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Ճիշտ է, նման օրինակներ կան, բայց մեզ մոտ 19-րդ դարի տների նկուղներ են, չգիտեմ՝ դա ինչ կարող են անել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։
Նա նաև ընդգծեց, որ տարածքը բացելուց հետո, նախ՝ այնտեղ պետք է պեղումներ իրականացնեն, այնուհետև ծրագիրն իրականություն դարձնեն։

ՀՀ ճարտարապետների միության անդամ, ճարտարապետ Մարիետա Գասպարյանն էլ նկատեց, որ այն այդքան էլ հնավայր չէ, քանի որ այնտեղ պարզապես նկուղներ են եղել։

«Ճիշտ է, այն գնահատվում է՝ որպես հնավայր, բայց խիստ կասկածում եմ, որ այն կարող է հնավայր լինել։ Այդ տարածքում նկուղներից հատվածներ են մնացել, շենքերը քանդվել են, իսկ նկուղները մնացել են, դժվարանում եմ ասել, թե այն ինչ թանգարան կարող են սարքել, կարող են կենցաղային ինչ-որ բան սարքել, բայց ի՞նչ թանգարան, ամբողջ Երևանը կրկին շարունակում են քանդե՞լ։ Այս ամենն ուղղակի «մազալու» է, չեմ հասկանում՝ այն թանգարան դարձնելու իմաստը ո՞րն է»,- ընդգծեց ճարտարապետը։
Մարիետա Գասպարյանը դժվարացավ ասել, թե այդ վայրը թանգարան դարձնելու համար որքան գումար է անհրաժեշտ։
Ի դեպ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նույնպես հետաքրքրված է հնավայրով, այս մասին նա ասել էր դեռևս նախորդ տարվա գարնանն իր հարցազրույցներից մեկում։

Հիշեցնենք, որ ստորգետնյա հնավայրը հայտնաբերվել է 2003 թվականին, երբ Հանրապետության հրապարակում իրականացվում էին վերականգնողական շինաշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս