«Պետք չէ շատ ոգևորվել առանձին տարիներին հարևան երկրների հետ համեմատած այդ ցուցանիշների հարաբերակցության դրական փոփոխությամբ». Արկադի Խաչատրյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվող Հարավային Կովկասի երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին և դրանք ճիշտ վելուծելու անհրաժեշտությանը:
«Այս օրերին սոցցանցերում կարելի է հանդիպել ակտիվ և անվերջ քննարկում՝ Հարավային Կովկասի երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների շուրջ:
Բազմաթիվ ոչ տնտեսագետ ընկերների խնդրանքով՝ ուզում եմ անդրադառնալ հանրային հետաքրքրություն առաջացրած հարցին և ոչ մասնագիտական լեզվով պարզաբանել ինչի մասին է խոսքը:
Երկու երկիր տնտեսական զարգացվածության առումով համեմատելիս, երբ մեջբերում ենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, պետք է նկատի ունենալ, որ այդ ցուցանիշի վրա ազդում են, մասնավորապես.
1. տնտեսական աճի (ՀՆԱ աճի) տեմպը,
2. բնակչության թվաքանակի փոփոխության տեմպը,
3. ցուցանիշների համադրելիությունը ապահովելու համար՝ տվյալ երկրների ազգային արժույթի փոխարժեքի փոփոխությունը, մասնավորապես՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ,
4. տվյալ երկրներում գնողունակության համադրելիությունը (PPP) ապահովելու համար՝ այդ երկրներում ապրանքների և ծառայությունների գների մակարդակի փոփոխությունը:
Ցանկացած վերլուծություն առանց այս գործոնները հաշվի առնելու կլինի թերի և ոչ ամբողջական:
Վերոհիշյալ գործոններից յուրաքանչյուրի առաջանցիկ տեմպերով փոփոխությունը այլ հավասար պայմաններում բերում է երկու երկների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների հարաբերակցության փոփոխության:
Շատ դեպքերում այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մի երկրի տնտեսական բարեփոխումների և զարգացման արդյունքում, այլ, օրինակ՝ մյուս երկրի ազգային արժույթի արժեզրկման կամ բարձր գնաճի կամ ծնելիության բարձր աճի արդյունքում կամ բազմաթիվ այլ, ոչ մեզնից կախված հանգամանքների բերումով:
Կամ այլ օրինակ բերեմ՝ եթե որևէ երկրից որևէ տարի տեղի ունենա տնտեսապես ակտիվ բնակչության արտագաղթ, այդ տարի կարող է արձանագրվել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի բարելավում, ինչը ամենևին չի նշանակում դրական երևույթ, որովհետև դա կարող է բերել երկարաժամկետ հատվածում տնտեսական զարգացման պոտենցիալի նվազման:
Հետևաբար՝ պետք չէ շատ ոգևորվել առանձին տարիներին հարևան երկրների հետ համեմատած այդ ցուցանիշների հարաբերակցության դրական փոփոխությամբ, հատկապես, եթե գնողունակության պարիտետով հաշվարկված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով ոչ 2019թ-ին, ոչ էլ 2020թ-ին Հայաստանը Հարավային Կովկասում առաջատար թերևս չի լինի, բայց դրական դինամիկա միանշանակ ունենք:
Փոխարենը պետք է կենտրոնանալ տնտեսական կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների, առաջանցիկ տնտեսական աճի և գների կայունության ապահովման, կրթության զարգացման, դեմոգրաֆիկ վիճակի բարելավման, հայրենադարձության վրա, և վստահաբար ամեն ինչ լավ է լինելու»: