Բաժիններ՝

Համաշխարհային ռազմական ծախսերը 2019 թվականին գերազանցել են 1,8 տրլն դոլարը. փորձագետներ

Համաշխարհային ռազմական ծախսերը 2019 թվականին գերազանցել են 1,8 տրլն դոլարը: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համաշխարհային պաշտպանական ծախսերի փոփոխման վերաբերյալ հաշվետվությունը, որը հրատարակվել է Jane՚s տեղեկատվական-վերլուծական հրատարակչական գործակալության կողմից:

«2019 թվականին համաշխարհային պաշտպանական ծախսերը գերազանցել են 1,8 տրլն դոլարը: Այս արդյունքը մեծապես պայմանավորված էր Եվրոպայի երկրների պաշտպանական ծախսերի աճով»,-նշել են Jane՚s-ի փորձագետները:

Տարեկան հաշվետվության տվյալների համաձայն, համաշխարհային ռազմական ծախսերի աճը 2019 թվականին դանդաղել է մինչեւ 1 տոկոս՝ 2018 թվականի 6 տոկոսի համեմատությամբ:

«Այն դեպքում, երբ տարածաշրջանների մեծ մասում անկում է դիտվում, եվրոպական երկրների այդ ծախսերն աճել են 5,2 տոկոսով: Ավելին, 2019 թվականին առավել աճած տասը պաշտպանական բյուջեներից վեցը պատկանում են Եվրոպայի պետություններին»,-հայտնել են փորձագետները, նշելով, որ 2019 թվականին պաշտպանական ծախսերի առավել արագ աճ է արձանագրել Բուլղարիան (125 տոկոս): «Jane՚s-ի գնահատմամբ՝ հաջորդ տասը տարվա ընթացքում համաշխարհային պաշտպանական ծախսերի տարեկան աճը կկազմի 1,5-2 տոկոս»,-նշել է գործակալության պաշտպանական ծախսերի գծով ավագ վերլուծաբան Ֆենելա Մաքգերթին:

2019 թվականին խոշորագույն պաշտպանական ծախսերով երկրների թոփ-10-ում տեղ են գտել ԱՄՆ-ը (726 մլրդ դոլար), Չինաստանը (217 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (57 մլրդ դոլար), Հնդկաստանը (57 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (56 մլրդ դոլար), Ֆրանսիան (53 մլրդ դոլար), Գերմանիան (48 մլրդ դոլար), Ռուսաստանը (48 մլրդ դոլար), Ճապոնիան (45 մլրդ դոլար), Հարավային Կորեան (41 մլրդ դոլար): 2018 թվականի համեմատությամբ ընթացիկ ցուցակը գրեթե չի փոխվել. Գերմանիան բարձրացել է յոթերորդ տեղը այն դեպքում, երբ Ճապոնիան զբաղեցրել է իններորդ դիրքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս