ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը եւ պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար: Սա շատ նման է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությանը, որն ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ, ինչպես Կոնգրեսի, այնպես էլ Սենատի կողմից: ԼՂՀ ճանաչումը ԵՄ կողմից միանշանակ կհզորացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որն էլ ոչ միանգամից, սակայն կնպաստի հայկական պահանջատիրության միջազգայնացմանը:
Ինչպես նշվեց, ԵԽ-ում Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկմանը եվրոպացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը եւ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Խոսք չի եղել Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության մասին, քանի որ արցախյան ազատամարտն ընկալվել է որպես բռնատիրական կարգերից ազատվելու պայքար, որը ազատագրված բնակիչներին հնարավորություն է տվել ստեղծել անկախ երկիր: Հնչել են նաեւ մտքեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հայամերժ քաղաքականության, ժխտողականության մասին, ինչը մեկ անգամ եւս հավաստում է, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրա հնարավորությունն անգամ համեմատել են ԽՍՀՄ տարիներին Արցախի՝ Ադրբեջանին բռնակցելու հետ:
Գուցե մի օր կոմկուսի գործունեությունը անօրինական ճանաչող Արեւմուտքը կվերանայի ոչ միայն 1921 թ. հուլիսի 5-ի Կովբյուրոյի հակաարցախյան որոշումը…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: