«Լինելով տարածաշրջանային երկիր՝ որոշակի վտանգ սպառնում է նաև Հայաստանին». Իրանագետը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին

Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով՝ հունվարի 2-ի գիշերը Բաղդադի օդանավակայանից որոշակի հեռավորության վրա «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, երբ ամերիկյան կողմը հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել իրենց հրամանով՝ աննախադեպ էր, քանի որ մի երկրի ղեկավարությունը հայտարարում էր մեկ այլ երկրի բարձրաստիճան զինվորականի սպանության մասին երրորդ երկրի տարածքում՝ առանց վերջինիս ռազմաքաղաքական ղեկավարության թույլտվությունն ունենալու։

«Գիտենք, որ Մերձավոր Արևելքում գեներալները հազվադեպ են սպանվում, Ղասեմ Սուլեյմանին ուներ շատ մեծ հեղինակություն, ինչը մենք տեսանք նաև սգո թափորից։ Նա Մերձավոր Արևելքում հայտնի էր՝ որպես ահաբեկիչների ահ ու սարսափ, պայքարում էր իսլամական ահաբեկիչների դեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետը։

Գեներալի սպանությունից հետո Իրանը հայտարարեց, որ նրա սպանության վրեժը կլուծի, որին էլ հաջորդեցին Իրանի գործողություններն Իրաքում՝ իրանական կողմը հռթիռակոծեց Իրաքում տեղակայված ամերիկյան ամենախոշոր ռազմաբազաներից մեկը։

Անդրադառնալով Միացյալ Նահանգներին իրանական կողմի պատասխաններին՝ իրանագետ Գարիկ Միսակյանը նշեց, որ որոշ հայտարարությունների ու տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծվել է նաև Իրաքյան Քրդստանի Էլբիրիում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունը և ԱՄՆ-ին պատկանող այլ տարածքներ։

«Այս ռմբակոծությունների հետ կապված՝ և՛ իրանական կողմից, և՛ Արևմտյան ԶԼՄ-ներում գիշերվանից արդեն բավականին մեծ հայտարարություններ են հնչում։ Իրարամերժ հայտարարություններ կան Իրաքում արձակված հրթիռների հետ կապված։ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ այդ ավիահարվածների հետևանքով  երկրի քաղաքացի չի զոհվել»,- շեշտեց Գարիկ Միսակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Իրանի կողմից կլինեն պաշտոնական հայտարարություններ՝ կխոսի երկրի հոգևոր առաջնորդը, նախագահը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ամերիկայի ժամանակով 08։00-ին կհայտարարի իր պաշտոնական դիրքորոշումը։

168.am-ը իրանագետներից հետաքրքրվեց, թե ԱՄՆ-Իրան այս լարվածությունն ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ և ի՞նչ ազդեցություն կթողնի տարածաշրջանի վրա։
Ըստ Ահարոն Վարդանյանի՝ այս պահին ականատես ենք լինում հիբրիդային պատերազմի, երբ երկու երկիր միմյանց դեմ պատերազմում են երրորդ երկրի տարածքում։

«Չի բացառվում, որ այս աշխարհագրական տարածվածությունն ընդլայնվի, օրինակ, ընդգրկի Սիրիան, Լիբանանը, Իսրայելը և այլն։ Հատկապես, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ, եթե Իրանի վրա լինի ԱՄՆ-ի հարձակում, ապա կորպուսը հարվածելու է Դուբային, Հայֆային և Թել Ավիվին, այս սցենարը չի բացառվում։ Լինելով տարածաշրջանային երկիր՝ որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում, մասնավորապես, եթե հիշենք այն տեսագրությունը, երբ իրանական հետախուզությունը բացահայտում էր ամերիկյան որոշակի հետախուզական գործունեություն, այդ տեսանյութում մեր երկրից նույնպես կադրեր կային։ Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի, միաժամանակ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ՝ տարբեր մակարդակներով, և կարողանա ստեղծված իրավիճակից ելքեր գտնել»,- ընդգծեց Ահարոն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Իրանում կործանված ուկրաինական մարդատար ինքնաթիռին, իրանագետը նկատեց, որ դժվար թե Իրանն այդ ամենի հետ որևէ առնչություն ունենա։

Գարիկ Միսակյանն էլ հավելեց, որ ինքնաթիռի կործանման հետ կապված դեռևս պատճառներ չեն նշվում, չնայած իրանական կողմը նշում է, որ պատճառը տեխնիկական է եղել։

Տեսանյութեր

Լրահոս