
«Սկսել ենք լուրջ, արդյունավետ և, հուսով եմ՝ նաև երկարատև համագործակցություն՝ տեղացի քիմիկոսների հետ». Հովակիմ Զաքարյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն ասում է՝ 2019 թվականը բավականին հաջող է եղել գիտական ձեռքբերումների տեսանկյունից: Տպագրել են չորս հոդված՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, ինչպես նաև՝ մեկ գրքի հետ կապված աշխատանքներ են սկսել:
«Իմ խմբագրությամբ լույս է տեսել խոզերի վիրուսներին վերաբերող գիրք, որը հրատարակվել է հեղինակավոր Caister Academic Press-ի կողմից: Բայց, թերևս, ամենամեծ հաջողությունը մեր տեղական և միջազգային համագործակցությունների շրջանակի մեծացումն է: Սկսել ենք լուրջ, արդյունավետ և, հուսով եմ՝ նաև երկարատև համագործակցություն տեղացի քիմիկոսների հետ: Այս պահին իրենց կողմից սինթեզված մի քիմիական միացության հակավիրուսային ակտիվությունն ենք ուսումնասիրում, և նախնական արդյունքները շատ հետաքրքիր են: Ամերիկյան Natural Biologics ընկերության հետ համատեղ ուսումնասիրում ենք բուսական ծագման միացությունների հակավիրուսային ակտիվությունը: Տեխասի համալսարանի պրոֆեսորներից մեկի խնդրանքով սկսել ենք փորձարկել իրենց սինթեզած տարբեր միացություններ՝ թվով 45 հատ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովակիմ Զաքարյանը:
Խոսելով 2020 թվականի ակնկալիքների մասին՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը նշեց.
«2020 թվականին նախատեսում ենք էլ ավելի մեծացնել ու բարելավել մեր ենթակառուցվածքները: Ինստիտուտի տնօրինության աջակցությամբ սարքում ենք bsl-2 պայմաններին համապատասխան ստերիլ սենյակ, որում կկարողանանք հակավիրուսային նյութերի թեստավորումն անել ավելի արդյունավետ և արագ: Մեր թեստավորումների արագության վրա էապես կազդի նաև նոր սարքը, որը գնելու ենք Գիտության կոմիտեի դրամաշնորհի միջոցով: Վերջապես նախատեսում ենք մշակել լրիվ նոր մեթոդ, որի միջոցով հնարավոր կլինի ուսումնասիրել ավելի քան 5000 միացության հակավիրուսային հատկանիշները համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Այդ մեթոդի ստեղծման համար նույնպես ունենք ֆինանսական աջակցություն դրամաշնորհի տեսքով:
Օգտվելով առիթից՝ մեր հայրենակիցներին ցանկանում եմ առողջություն, համբերություն և խելամտություն: Հուսով եմ, որ գալիք տարում բանականությունը շատ ավելի մեծ տեղ կունենա մեր կյանքում: