Բաժիններ՝

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակի օրը տոնում է Սուրբ Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

Սուրբ Հակոբոս առաքյալը Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրն էր: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր: Եղել է նաև Քրիստոսի հետ կապված կարևոր խորհուրդների ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Քրիստոսին, Սուրբ Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում է Հիսուսին, որ երկնքից կրակ թափի մարդկանց վրա, բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. Գ:17):

Սուրբ Հակոբոսը նաև միակ առաքյալն է, ում մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության, Սուրբ Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որտեղ էլ ցուցադրվում է առաքյալի գլխադիրը:

Իսկ Սուրբ Հովհաննես առաքյալը չորրորդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած:

Երկու սրբերն էլ հեղինակել են ընդհանրական նամակներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Հակոբոս Առաքյալի ընդհանրական նամակը, 1:1-10

Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։
Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։

Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը:

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 1:1-7

Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ։ Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։ Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։ Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։ Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում։ Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս