«Կարողանալո՞ւ են ատելության խոսք համարել այն մարդկանց խոսքը, ովքեր այսօր իշխանության մաս են կազմում». Հովհաննես Չամսարյան
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը փաստաբան Հովհաննես Չամսարյանն է:
– Նոյեմբերի 25-ին մեզ հետ զրույցում Դուք նշել էիք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացուցիչները ներկայացել են Ձեր փաստաբանական գրասենյակ ու դատարանի որոշմամբ ցանկանում են առգրավել ձեր 2 համակարգիչները, որոնցում պահվում են նաև փաստաբանական գաղտնիք հանդիսացող տվյալներ: Ինչպե՞ս հանգուցալուծվեց խնդիրը, համակարգիչներն առգրավելու այլ փորձեր եղե՞լ են արդյոք:
– Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ՝ թույլատրվել է իմ աշխատասենյակում իրականացնել խուզարկություն և հայտնաբերել ենթադրյալ հանցագործության գործիքներ, որոնք իրենցից, ըստ քննիչի, ենթադրում էին համակարգչային ֆայլեր, որոնք պահվում էին իմ համակարգչում կամ որևէ կրիչում: Քննիչներն ինձ ներկայացրին որոշումը, ծանոթացանք ու միանգամից հասկացանք, որ որոշումը մի քանի տեսանկյունից խնդրահարույց է: Առաջինն այն էր, որ խուզարկությունը թույլատրվել էր իրականացնել փաստաբանի գրասենյակում, երկրորդը, որ պատճառաբանված չէր դատական ակտը, և երրորդը՝ դատական ակտն առհասարակ որոշակի չէր…
2011թ. «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, որի 6-րդ և 7-րդ կետերում հստակ նշվեց, որ փաստաբանի գրասենյակում քննչական մարմինները և պետական այլ մարմիններ իրավունք չունեն խուզարկություն իրականացնել, այսինքն՝ օրենսդրական արգելքը հստակ սահմանեց, որ փաստաբանի համակարգիչը, ձայնագրությունները, կրիչներն առգրավելու իրավասություն չունեն: Այսօրվա օրենքում չկա նշված, որ դա կարող են անել դատարանի որոշմամբ: Դա իրավական պատնեշ է:
Մյուս կողմից՝ քննիչը չկարողացավ ներկայացնել, թե ինչ կարգով պետք է կատարի խուզարկությունը, որ բացառի փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկություններին իրազեկ լինելը: Այլ փորձեր այս պահին չեն եղել: Այստեղ ավելի խնդրահարույց է կայացված դատական ակտը: Դատարանի որոշման մեջ նշված է՝ քննիչի հետաքրքրությունը բավարարող փաստեր գտնելը:
– Վերադաս ատյանում բողոքարկե՞լ եք դատարանի որոշումը:
– Այո: Առաջին դատական նիստն արդեն եղել է:
– Փաստաբանական համայնքի նմանօրինակ աջակցությունը սպասելի՞ էր:
– Անակնկալ չէր, որովհետև մի քանի անգամ եղել են դեպքեր այլ փաստաբանների աջակցելու, և նման նախադեպեր եղել են: Բայց որ այդ աստիճան արձագանք կունենար, իհարկե, չէի սպասում:
– Օրենսդրական նախագծերի քննարկման միասնական E-draft հարթակում քննարկման է ներկայացվել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը: Նախագծում առանձին կարգավորող գլուխ է նախատեսված ՀՀ տարածքում ենթադրյալ հանցանք կատարած կամ հանցագործության համար դատապարտված և օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված անձանց հանձնման կարգի վերաբերյալ: Ներկա դրությամբ ՀՀ-ից դուրս են գտնվում մի քանի նախկին պաշտոնյաներ, որոնց քրեական գործերով մեղադրանք կա առաջադրված: Այս օրենքի ընդունման դեպքում կարո՞ղ է արդյոք այն տարածվել նշված անձանց վրա, և առհասարակ օրենքն այս պահին ընդունելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
– Արդյո՞ք այս օրենքի ընդունմամբ հնարավոր է նշված անձանց հետ բերել, թե՞ ոչ. այս հարցն այդ օրենքը կարգավորել չի կարող, որովհետև մեր ներպետական օրենքով նման պարտականություն հնարավոր չէ դնել որևէ այլ պետության վրա: Նման հարցերը կարգավորվում են պետությունների միջև կնքվող համաձայնագրերով: Թե այս օրենքի ընդունմամբ պետությունն ինչի է ուզում հասնել, դժվար է ասել, բայց սպասել, որ դրա ընդունումից հետո այդ պետությունները կասեն, որ, այո, կկազմակերպենք նրանց արտահանձնումը, դա, իհարկե, այդպես չէ:
– Քրեական օրենսգրքի նոր փոփոխություններով՝ խտրականության դրսևորումը քրեականացվում է: Ի՞նչ ենթաշերտեր կան այս օրենսդրական փոփոխության ներքո: Խտրականություն ասվածը որքա՞ն լայն հասկացություն է և ի՞նչ շերտերի կարող է առնչվել: Օրենսդրական փոփոխության մեջ խտրականության մի շարք դրսևորումների շարքում, ի թիվս այլ դրսևորումների՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, նշված է նաև առողջական վիճակը: Կա՞ն արդյոք հստակ չափորոշիչներ, թե առողջական ինչ վիճակի դեպքում, անձի նկատմամբ խտրական մոտեցումը, ասենք, աշխատանքի ընդունելիս կարող է դիտվել՝ որպես խտրական դրսևորում: Իրավակիրառն օրենքի կիրարկման ընթացքում բարդությունների չի՞ հանդիպի արդյոք:
– Խտրականության չափանիշներ, իհարկե, կան, ու հնարավոր է զատել, բայց թե իրավակիրառ պրակտիկայում ինչ հետևանքներ դա կարող է առաջացնել, ինձ համար այս պահին անհասկանալի է: Խտրականությունն այս պահին էլ արգելված է, այդ թվում՝ նաև աշխատանքի ընդունելիս: Դժվար է ասել՝ ճի՞շտ է քրեականացնելը, թե՞ ոչ: Այստեղ կարևոր է, թե պետությունն ի՞նչ աստիճանի գիտակցական զարգացածություն ունի, և ոչ միայն՝ հասարակության, այլև՝ պետական մարմինների պարագայում, քանի որ այդ օրենքը գործիք է լինելու պետական մարմինների ձեռքում:
– Ազգային մենթալիտետը չի՞ խանգարելու օրենքը կիրառելու պրակտիկայում:
– Ամեն ինչը կարող է խանգարել՝ և ազգային մենթալիտետը, և պետական մարմինների ոչ պրոֆեսիոնալ լինելը: Դրա համար եմ ասում, որ պետք է հաշվի առնել, թե այդ կարգավորումներն ինչ հասարակությունում են կիրառվելու:
– Վտանգ կա՞, որ այս օրենքի ընդունումը որոշակի շերտերի դեպքում կարող է ատելություն գեներացնել հասարակության մեջ:
– Ատելության գեներացում այս պահին ինքս էլ նկատում եմ տարբեր իրավիճակներում, սկսած քաղաքական կողմնորոշումից՝ մինչև դատավորի կողմից կայացրած դատական ակտ: Եթե այսօր որևէ անձ ունի իր քաղաքական կողմնորոշումը և դա արտահայտում է, տեսնում ենք, թե նա համացանցում ինչ «հարձակման» է ենթարկվում: Նույնն է այն դատավորների դեպքում, որոնք կայացնում են հասարակության որոշ հատվածի համար անհաճո որոշում:
– Ի դեպ, ԱԺ-ում ստեղծվել է ատելության խոսքն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողով: Ատելության խոսքի ձևակերպումը ո՞րն է: Կարո՞ղ են արդյոք վարչապետի՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, վզներից գյուղապետերին կաբինետներից դուրս շպրտելու, թաթիկները կտրելու արտահայտությունները համարվել ատելության խոսք, թե՞ մինչև օրենսդրական կարգավորումը կարելի է օգտվել հնարավորությունից, մանավանդ, որ օրենքը, ամենայն հավանականությամբ, հետադարձ ուժ չի ունենա:
– Եթե խոսքը վերաբերում է պետական պաշտոնյայի կողմից կատարված արտահայտություններին, ապա պետական պաշտոնյան պետք է զգուշությամբ մոտենա դրանց, քանի որ դրանք ոչ միայն ատելության խնդիր են, այլ չեզոքությունը չպահպանելու: Ըստ էության էական չէ, թե ինչ քաղաքական կողմնորոշում ունես դու. Վարչապետը վարչապետ է բոլորի համար: Ինձ համար այս պարագայում դժվար է ասել՝ ոնց են զատելու՝ որն է ատելության խոսքը, որը՝ ոչ: Ինձ համար անգամ անհասկանալի է՝ կարողանալո՞ւ են ատելության խոսք համարել այն մարդկանց խոսքը, ովքեր այսօր իշխանության մաս են կազմում: Այսօր ատելության խոսք կարող ես լսել ամեն տեղ: Մի դեպքում՝ այդ խոսքն ասողին հասարակական պարսավանքի են ենթարկում, մյուս դեպքում՝ ոչ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում