«Սա սարքել, թե սահմանը բացվեց, ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում, զավեշտալի է… Սրանից ավելի մանիպուլյացիա դժվար է պատկերացնել». թուրքագետ
Օրեր առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է, որ գալիք տարվանից պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է: Այսինքն՝ 2020 թվականին Շիրակի մարզի Նորշեն (Խարկով) գյուղ մտնելու համար այլևս անցագրի անհրաժեշտություն չի լինի: Այն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենն Ախուրյան գետով:
Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պետք է պարտադիր ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատև՝ շուրջ մեկ ամիս տևող գործընթաց է:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ այդ մասին լուրը տարածեց «Հայկական Ժամանակ» օրաթերթը՝ բավականին մանիպուլյատիվ վերնագրով՝ «Անիի սահմանը բացվեց»: Եվ շատերը դրանից հետո ինձ զանգում և հարցնում էին՝ արդեն կարո՞ղ ենք Անի գնալ:
Սրանից ավելի մանիպուլյացիա դժվար է պատկերացնել: Կարող էին այլ վերնագիր դնել, օրինակ՝ «այսուհետ կարելի է Անիին կամ սահմանին մոտենալ»: Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, նախկինում էլ էին գնում և նայում Անիին, պարզապես այդ գործընթացը, որ նախապես պետք է տվյալները տային, հետո անձնագրով գնային, դյուրացվել է: Եվ սա սարքել, թե սահմանը բացվեց, ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում, զավեշտալի է: Չկա ցամաքային անցնելու տարբերակ, ՀՀ-ի կողմից բավականին խիստ է հսկվում՝ ռուսական ստորաբաժանումներն են: Այդ հատվածով անցնողները, միևնույն է՝ լինելու են սահմանապահների հսկողության տակ, մտածել, որ մեկը վազելով կիջնի, կկրակեն պարզապես: Այս փաստը չի կարելի կապել նաև հայ-թուրքական սահմանի բացման հետ, դա անհիմն է և անտեղի»,- շեշտեց թուրքագետը:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն իր հերթին՝ նշեց, որ տուրիստական տեսանկյունից դրական է մուտքի ռեժիմի փոփոխությունը, քանի որ, այո՛, նախկինում պետք էր նախօրոք թույլտվություն ստանալ:
Պատեհ առիթն օգտագործելով՝ տնտեսագետն ուշադրություն հրավիրեց Թուրքիայից ներմուծման ծավալների աճի վրա:
«Վերջին տարիների ընթացքում ավելանում են Թուրքիայից ներմուծման ծավալները: Եվ թուրքական ապրանքների ներմուծման հոսքերի մասով մտահոգություններ կան: Նախորդ տարվա համեմատ ներմուծման աճը կազմել է մոտ 14 տոկոս, հատկապես թուրքական տեքստիլի ներկրումը մեծ հարված է հասցնում հայկական ընկերություններին: Թուրքական հագուստի գինը ցածր է մեր շուկայում, քանի որ Թուրքիայում էներգակիրների գներն անհամեմատ ցածր են, քան Հայաստանում, ինչպես նաև՝ թուրքական կառավարությունը սուբսիդավորում է արտահանումը»,- նշեց Պարսյանը՝ հավելելով, որ այս տարվա ընթացքում թուրքական լիրայի արժեզրկումը նպաստեց Հայաստան թուրքական ապրանքների ներկրման ծավալների աճին:
Ըստ նրա՝ վրացական շուկան առավել շատ է տուժում թուրքական ապրանքների ներկրումից և թուրքական ներդրումների ծավալների զգալի կրճատումներից։
«Այս իրավիճակում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի թուրքական ապրանքների ներկրման փոխարինմանը»,- շեշտեց Պարսյանը: