«Եթե մարդիկ հասկանում են, որ Ղարաբաղյան վերջնական հաշտության պայմանագիրն ընդհանուր գծերով պետք է բերենք, ցույց տանք, իհարկե, այդպիսի բան չի լինելու». Միքայել Զոլյան

«Իմաստ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հեռուն գնացող քայլեր նախագծել»,- այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի հակամարտող երեք կողմերի ժողովուրդների համար» թեզին և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ապրիլյան պատերազմին:

Նա նշեց, որ խոսքն այն մասին չէ, որ կա նախագիծ կամ պլան, որը պետք է իրականություն դառնա, և այսօր որևէ իմաստ չունի փորձել հեռուն գնացող քայլեր նախագծել, քանի դեռ չկա համաձայնություն ոչ միայն՝ նույնիսկ կարգավորման սկզբունքների շուրջ, այլև չկա այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է բանակցություններ վարելու համար:

Զոլյանի խոսքով՝ իրենք անընդհատ ասում են, որ քանի դեռ սահմանում կրակում են, ռազմատենչ հռետորաբանություն կա, քանի դեռ Ադրբեջանում կա հայատյացության քարոզչություն, մարդասպանը հերոսացվում է, որևէ բանակցության, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է: «Երբ մենք ասում ենք, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, դա շատ պարզ միտք է, պարզ իրականություն է, ադեկվատության չափանիշ է, եթե մարդն ընդունում է սա, ուրեմն իր հետ կարելի է խոսել, որովհետև եթե խոսում ենք խաղաղ կարգավորման մասին, խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր մասնակիցների համար, մասնակիցներն են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը: Սրա հետ չհամաձայնելու համար պետք է մարդ տրամաբանության հետ խնդիր ունենա, կամ չընդունի խաղաղ կարգավորումը: Եթե Ադրբեջանի նախագահը կամ որևէ ներկայացուցիչ հրաժարվում է համաձայնել այս դիրքորոշման հետ, նշանակում է՝ ինքը սկզբունքորեն խաղաղ կարգավորումը չի ընդունում: Այ, դա է միտքը: Այս բանաձևը խաղաղ կարգավորման բանաձևն է, և եթե համաձայնություն չկա սրա շուրջ, ապա մնացած որևէ հարցի շուրջ համաձայնություն չի կարող լինել»,- ասաց Զոլյանը:

Նա դա որակում է որպես սկզբունք՝ նշելով, որ, եթե ուզում ենք ունենալ խոսակցություն, պետք է համաձայնություն ունենանք ամենահիմնարար սկզբունքի շուրջ: «Սա հիմնարար սկզբունք է»,- ընդգծեց նա:

Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ Մ. Զոլյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի հետևանքները բացասական էին, սակայն Ադրբեջանն ապրիլյան պատերազմի ընթացքում ոչինչ չստացավ, արդյունքները շատ փոքր էին: Դրանից, սակայն, ըստ նրա՝ ցավոք, ադրբեջանական կողմն անհրաժեշտ հետևություններ չի արել, ընդհակառակը՝ այնտեղ կան մարդիկ, ովքեր համարում են, որ իրենց բանակը հզոր է, ինչն ինքնախաբեություն է:

Մ. Զոլյանն ասաց, որ հայկական կողմի հայտարարությունները, պարոն Տոնոյանի հայտարարություններն ուղղված են նրան, որ սթափեցնեն Ադրբեջանի ղեկավարությանը, բայց, ցավոք սրտի, խնդիրը նաև Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է:

Խոսելով մեղադրանքներից, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարության մասին, որ ՀՀ իշխանությունները ԼՂ հակամարտության կարգավորման տեսլական չունեն և պետք է վերադառնան ՀՀ առաջին նախագահի կարգավորման մոդելին, Մ. Զոլյանն ասաց, թե համաձայն չէ, որ չունեն տեսլական: Ավելին՝ նա նշեց, որ իրենց տեսլականը շատ հստակ է:

«Մենք ասում ենք, որ պետք է հակամարտության լուծումն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Տեսլականը տարբեր մարդիկ տարբեր ձևով են հասկանում: Ես հասկանում եմ՝ «տեսլական» ասելով՝ սկզբունքներ և մոտեցումներ,  որոնց հիման վրա պետք է կարգավորումը տեղի ունենա, այն մարդիկ, ում հիմա մեջբերում եք, հասկանում են, որ մենք արդեն պետք է հստակ վերջնական հաշտության պայմանագիրը կետերով կամ ընդհանուր գծերով ցույց տանք: Իհարկե, այդպիսի բան չի լինելու»,- շեշտեց ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով՝ կարգավորումը պետք է տեղի ունենա բանակցությունների արդյունքում, և պետք է կողմերը միմյանց հետ խոսեն և հասկանան, ինչի արդյունքում պետք է նոր միտք, նոր գաղափար ծնվի: Ըստ նրա՝ չեն կարող այսօր ասել, որ՝ այսպիսի-այսպիսի քայլեր պետք է արվեն: «Ադրբեջանն ասում է, և օգուտը ո՞րն է: 25 տարի եղել են մադրիդյան սկզբունքներ, Քի Վեսթի հանդիումներ, դա արվել է հենց այդ սկզբունքով, մարդիկ նստել են կաբինետներում և ինչ-որ թղթերի վրա ինչ-որ բաներ են արել, քարտեզի վրա ինչ-որ նշումներ են արել, մինչդեռ ժողովուրդները դրան պատրաստ չեն եղել: Մենք ասում ենք՝ եկեք մեթոդաբանությունը փոխենք, եկեք ժողովուրդներին պատրաստենք խաղաղության և ստեղծենք երկխոսություն ժողովուրդների միջև, այսօր այդ երկխոսությունը հնարավոր է միայն առաջնորդների մակարդակով, բայց հետագայում պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ երկխոսությունը լայն լինի: Երբ ժողովուրդները սկսեն միմյանց հետ խոսել, կարող է կարգավորման ինչ-որ տարբերակներ առաջանան, որոնցից այսօր չենք կարող խոսել: Պետք է քայլ առ քայլ անենք»,- ասաց Միքայել Զոլյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս