Բաժիններ՝

Բրիտանիան Brexit-ից հետո կկրկնապատկի մուտքի այցագրերն արտասահմանցի գիտնականների համար. FT

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կկրկնապատկի մուտքի այցագրերի թվաքանակն արտասահմանցի այն գիտնականների համար, որոնք համատեղ հետազոտություններ են անցկացնում, եւ կպարզեցնի դրանց ստացումը՝ նպատակ ունենալով ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո այդ մասնագետներին բերել Միացյալ Թագավորություն: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ այցագրերն այն գիտնականներին, որոնք հետազոտական դրամաշնորհներ են ստացել բրիտանական հաստատություններից, 62-ից կավելանան մինչեւ ավելի քան 120: Նրանց բավական կլինի համապատասխան ֆինանսավորող կազմակերպությունից նամակ ներկայացնել բրիտանական ներքին գործերի նախարարություն իրենց միգրացիոն ստուգումներն արագացնելու համար: Դրանց թվում են, մասնավորապես, European Research Counсil (Գիտական ուսումնասիրությունների եվրոպական խորհուրդ), Marie Sklodowska-Curie Actions եւ Human Frontier Science («Մարդու սահմանները» գիտական ծրագիրը) կազմակերպությունները:

Այդ գիտահետազոտական կազմակերպությունների ամբողջական ցուցակը կհրապարակվի գալիք տարվա սկզբին: ՆԳ նախարարության ղեկավար Փրիթի Փաթելի խոսքով՝ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է այնպիսի «միգրացիոն համակարգ, որը կներգրավեր ամբողջ աշխարհի լավագույն ուղեղներին», թագավորությանը թույլ կտար գտնվելու «ինովացիաների առաջնագծին»: Այդ նորամուծությունները ողջունել է Թագավորական գիտական ընկերության նախագահ Վենկատարաման Ռամակրիշնանը: Նա դրանք համարել է «առաջին քայլն այնպիսի միգրացիոն համակարգի ստեղծման ճանապարհին, որը կխրախուսի տաղանդավոր հետազոտողներին ամբողջ աշխարհից»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ կառավարությանը հանձնարարել է մշակել արտասահմանյան գիտական աշխարհի առավել տաղանդավոր ներկայացուցիչների կողմից բրիտանական այցագրեր ստանալու պարզեցված մեխանիզմ: Նա այս խնդրի լուծումը դրել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարության եւ բիզնեսի գործերի, էներգետիկայի ու արդյունաբերական ռազմավարության նախարարության վրա՝ գերատեսչություններին հանձնարարելով այդ գործով զբաղվել գիտական հանրակցության հետ սերտ համագործակցությամբ:

«Մեծ Բրիտանիան հպարտանում է նորարարական մշակումների իր պատմությամբ,-նշել է վարչապետը:-Առաջնագծում գտնվող մեր գիտնականները պետք է հպարտանան, որ իրենք ընթանում են այնպիսի հսկաների հետքերով, ինչպիսիք են (մաթեմատիկոս) Ադա Լավլեյսը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ (մոլեկուլյար կենսաբան) Ֆրենսիս Քրիքը եւ (ֆիզիկոս-տեսաբան) Փիթեր Հիգսը»: Սակայն անհրաժեշտ է, որ Լոնդոնը «ոչ միայն օժանդակի կադրային ներուժին», այլեւ ներգրավի լավագույն գիտնականներին, հավելելէ Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս