Եթե այդ ուժերը մտնեն Հանրային խորհուրդ, կնշանակի՝ իրենք անցնելու են վարչապետի թրի տակով. Արմեն Բադալյան

Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հանրային խորհուրդը չի կարող Կառավարության և արտախորհրդարանական ընդդիմության համար հարթակ լինել, ինչպես այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ հասարակության մի մեծ հատված իր ներկայացվածությունը չուներ խորհրդարանում։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը ստեղծեց Հանրային խորհուրդը, որ Առաջին նախագահի կողմնակիցները գնան այնտեղ և գործունեություն իրականացնեն, այսինքն՝ Ազգային ժողովը, այսպես ասած, կփոխհատուցի այդ մարմնով։ Սակայն դա Առաջին նախագահի կողմից մերժվեց, քանի որ քաղաքական գործչի տեղը Ազգային ժողովում է կամ գործադիր մարմնում»,- ասաց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին՝ արդյոք Հանրային խորհրդի նախագահի փոփոխությունից հետո այն կարո՞ղ է դառնալ Կառավարության և արտախորհրդարանական ընդդիմության համար հարթակ։

Ըստ քաղաքագետի՝ եթե Հանրային խորհրդի նախագահին փոխել են, որ այն դառնա արտախորհրդարանական ընդդիմության և Կառավարության համար հարթակ, ապա նման բան չի կարող լինել։

Նա ընդգծեց, որ արտախորհրդարանական այն ուժերը, որոնք մերժում են այսօրվա քաղաքական ուժին, հաստատ չեն գնալու Հանրային խորհուրդ, այն էլ՝ ղեկավարների մոտ, որոնց նկատմամբ ունեն որոշակի վերապահումներ։

«Եթե այդ ուժերը մտնեն Հանրային խորհուրդ, նշանակում է, որ ընդունում են վարչապետի գերիշխանությունը, քանի որ այդ խորհուրդը վարչապետին կից ինչ-որ կառույց է, եթե մտնեն այդ խորհուրդ, կնշանակի՝ իրենք անցնելու են վարչապետի թրի տակով։ Նման բան Երկրորդ և Երրորդ նախագահի կողմնակիցները կուզե՞ն, բնականաբար չեն ուզի, իսկ այդ դեպքում Հանրային խորհրդում անելիքներ չունեն։ Հանրային խորհրդում կհավաքվեն այնպիսի ուժեր, որոնք հարմարվող են ցանկացած իշխանության, Ազգային ժողովում տեղ չունեն»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Նրա բնորոշմամբ՝ Հանրային խորհրդի գոյությունը կարևոր է, սակայն կարևոր է միայն մեկ դեպքում, երբ երկրում չկա անձնիշխան համակարգ։

Տեսանյութեր

Լրահոս