Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը ավարտել է 1 մլրդ դրամ անվանական արժեքով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Սա այս տարվա ծրագրային ազդագրի շրջանակներում իրականացվող տեղաբաշխումների երկրորդ փուլն էր:
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,5% և 5,25%: Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
«Պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս շուտ, ինչը վկայում է Կոնվերս Բանկի ֆինանսական այդ գործիքի նկատմամբ հետաքրքրության մասին: Ընդհանուր առմամբ, այս տարի Բանկը իրականացրել է պարտատոմսերի չորս տեղաբաշխում երկու փուլով՝ զգալիորեն ավելացնելով դրամային պարտատոմսերի մասնաբաժինը պորտֆելում: Բանկի պարտատոմսերի պորտֆելը համարժեք է մոտ 20 մլրդ դրամին: Նման շարունակական թողարկումների շնորհիվ Բանկը Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայի առաջատարներից է»,- ասել են Կոնվերս Բանկում:
Տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկային խորություն հաղորդելու համար: