Բաժիններ՝

Հարցվածների 20.7 տոկոսը լիովին բավարարված է իր կյանքի որակով

«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ մարդկանց 54.6 տոկոսը երկրի տնտեսական վիճակը միջին է գնահատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց 2019 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 1-ն անցկացված հարցումների արդյունքները: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով, մասնակցել են Երևանի, տասը մարզերի (ներառյալ՝  մարզկենտրոնները, փոքր քաղաքներն ու գյուղական համայնքները) 1517 մարդ: Հարցվածները պատասխանել են, թե որքանով են բավարարված իրենց կյանքի որակով, ընտանիքի տնտեսական ապահովվածությամբ, երկրում կատարված քաղաքական ու տնտեսական փոփոխություններով:

Հարցվածների 20.7 տոկոսը լիովին բավարարված է իր կյանքի պայմաններով, 51.5 տոկոսն ավելի շուտ բավարարված է, իսկ 26.8 տոկոսը դժգոհ կամ մասամբ դժգոհ են իրենց կյանքի որակից:

Իրենց ընտանիքների նյութական ապահովվածությունը հարցվածների 59.3 տոկոսը միջին է գնահատել, 22.9 տոկոսը՝ լավ, միայն 5 տոկոսը՝ շատ լավ, ավելի քան  9 տոկոսը գնահատել է վատ կամ շատ վատ:

2018 թվականի  սեպտեմբերին արված հարցումների համեմատությամբ՝ կյանքի որակից գոհ և ընտանիքի ապահովվածությունը դրական գնահատողների քանակական աճ է նկատվում: Եթե 2018 սեպտեմբերին կյանքի որակից գոհ է եղել հարցվածների 67.7 տոկոսը, ապա 2019-ի դեկտեմբերի դրությամբ նրանց թիվը կազմում է 72.2 տոկոս: Կյանքի որակից դժգոհների թիվը նվազել է՝ նախկին 32.3 տոկոսից իջել է 27.7 տոկոսի:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկանուշ Ալոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս