Եթե 3000-4000 մարդ բաժնետեր լինի, ավտոբուս ներկրի, Երևան քաղաքի տրանսպորտը լավագույնը կլինի. Առաջարկ քաղաքապետարանին. Վահագն Սահակյան
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը կարծում է, որ Երևանի տրանսպորտը կարելի է ոտքի հանել, եթե նոր համակարգ ներդնեն, տրանսպորտի 51 տոկոսը դառնա Քաղաքապետարանի սեփականությունը, մնացած 49 տոկոսը վաճառեն մասնավորին:
«Այսինքն, դա կդառնա բաց բաժնետիրական ընկերություն, ոչ մեծ չափով բաժնետոմսեր կվաճառեն: Այսօր բազմաթիվ մարդիկ կան, որոնք ավտոմեքենա են գնում, վարձակալության են տալիս տաքսու վարորդներին և այդպիսով գումար վաստակում: Սա թղթի սպիտակ կողմն է: Ու մինչև մեքենայի գումարը վերականգնում են, այդ մարդիկ փոշմանում են: Այս տեսակ մարդիկ, որոնք ունեն ազատ գումար և ուզում են օրական ինչ-որ եկամուտ ապահովել՝ ոչ բարդ բիզնես ծավալելով, պատրաստ են այսօր գնել այդ բաժնետոմսերը:
Եվ, եթե ազատ գումար ունենանք ու դա դնենք Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի մեջ, իսկ պետությունն իր կողմից գոնե քաղաքային տրանսպորտն ազատի որոշակի հարկերից, օրինակ՝ նյութերի, ավտոպահեստամասերի, ավտոբուսների ներկրման, Երևանի տրանսպորտն աշխարհի շատ երկրների լավագույն տրանսպորտին կգերազանցի: Եթե 3000-4000 մարդ բաժնետեր լինի՝ իրենք էլ կնստեն տրանսպորտ, բարեկամներին էլ կհորդորեն, կհետևեն վարորդին, ուղևորներին և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Սահակյանը:
168.am-ի հարցին՝ առաջարկված տարբերակը ենթադրո՞ւմ է տրանսպորտի գնի բարձրացում, միության նախագահը պատասխանեց.
«Ամբողջ աշխարհում դոտացիայով աշխատող միջոց է: Լինում է, որոշակի հարկատեսակներից են ազատում: Եթե տաքսին միջինը երկու մարդ տեղափոխելով՝ 1 կմ-ն 100 դրամի մեջ տեղավորվում է, քաղաքային տրանսպորտը, որը տեղափոխում է մոտ 40 մարդու, համոզված եմ, որ կարդարացնի այդ գնի դեպքում: Նշեմ, որ նաև էլեկտրատեխնիկա արտադրող սեփական ընկերություն ունեմ: Դեռևս Տարոն Մարգարյանի օրոք դիմել ենք Քաղաքապետարան՝ հայտնելով, որ մեր ընկերությունն արտադրում է տեղորոշման GPS սարքավորումներ, մեզ տվեք 10 ավտոբուս՝ անվճար տեղադրենք այդ սարքերը, հավելվածը տանք ուղևորներին, որ մարդը ավտոբուսի տեղը տեսնի ու իզուր չիջնի, կանգնի կանգառում: Դա, ի վերջո, բերելու էր համակարգի, որն անգամ վարորդին հուշելու էր, թե ինչ արագությամբ և ինչքան ժամանակում հասնի մյուս կանգառ, որպեսզի կուտակումներ չլինեն»:
Ըստ նրա՝ առաջարկը տրանսպորտի կարգավորման համակարգ է, որը փորձարկելուց հետո պարզ կդառնար՝ թե իրենց, և թե ուղևորների համար համակարգը որքանով է լավ կամ վատ:
Քաղաքապետարանի բարձր պաշտոնյաներից մեկը նախկինում ինձ պատասխանեց, թե իմ քյարը ո՞րն ա: Հեղափոխությունից հետո դիմեցինք այժյման քաղաքապետին, պատասխանեցին, որ Ucom-ն ավելի լավ պայմաններ է տալիս: Ասում եմ՝ ես դեռ ձեզ պայման չեմ ասել, թե բա դուք չեք կարող սարքերն անվճար տրամադրել ամբողջ քաղաքին, իսկ Ucom-ը կարողանում է անվճար տեղադրել: Ու քանի դեռ քաղաքի հանդեպ վերաբերմունքն այսպիսին է, ես չեմ կարծում, որ խնդիրը կլուծվի»: