Բաժիններ՝

Փոքր Վեդու ավագանին սվիններով է ընդունել Խոր Վիրապի մոտ «Նոյյան տապան» հյուրանոցային համալիրի գաղափարը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ասում են,  ակտիվ եռուզեռի մեջ է, հերթական ներդրողին է «ձեռք գցել»: Մարզպետի համագյուղացիներից մեծահարուստ մեկը,  ով վաղուց բնակվում է Մոսկվայում, վերադարձել է իշխանությանը տված խոստման ետևից, և ավագանու հետ թեժ պայքարի մեջ մտնելով՝ փորձում է հեկտարներով հողեր սեփականաշնորհել՝ Խոր Վիրապին կից տարածքում։

Ինչո՞ւ է ներդրումային ծրագրին  ընդդիմանում Փոքր Վեդու ավագանու կազմը, ինչո՞ւ է հրաժարվում նիստեր անցկացնել, և ինչո՞ւ է բանը հասել դատարան։ Սա լուրջ պատմություն է, որին կանդրադառնանք հաջորդիվ։

Այս պահին  իրավիճակը լարված է  ներդրողի թիրախ համայնքում, Փոքր Վեդու ավագանու կազմը սվիններով դուրս է եկել  գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանի դեմ՝  թույլ չի տալիս մարզպետի հրահանգով հողերն օտարել, ավելին, ավագանու նիստով անվստահություն է հայտնել նրան։

Այդուհանդերձ, լարված պայմաններում գյաւղապետը հաջողել է երկու անգամ հանրային լսումների անվան տակ՝ գյուղի դահլիճում ներդրումային ծրագրի համար, ինչպես ասում են՝ «դլյա գալոչկի», քննարկում անցկացնել։ Ընդ որում, երկու լսումներն էլ կազմակերպվել են իրար հետևից՝ տասն օրվա տարբերությամբ։

Արձանագրություն, որպես այդպիսին, չհայտնաբերվեց գյուղապետարանի խառնիխուռն հաղորդագրություններում։ Միայն սեղմ հաղորդագրություն կար այն մասին, որ դեկտեմբերի 3-ին բնակիչները հրավիրված են գյուղի դահլիճ, բայց թե ինչո՞ւ, ի՞նչ է դրվում հանրային լսումների, չի նշվում։

168.am-ի հետ զրույցում Փոքր Վեդու  համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը հաստատեց, որ մարզային իշխանությունն այս պահին ինչ-որ ներդրողի հետ բանակցությունների մեջ է, հողեր պիտի հատկացվեն, որպեսզի գոլֆի դաշտ, հյուրանոց  կառուցեն եկեղեցու հարակից տարածքում։ Ներդրողի անունը համայնքի ղեկավարը խուսափեց նշել, ծրագրի մասին ևս մանրամասներ չփոխանցեց։

168.am-ին, սակայն, աղբյուրը հայտնեց խնդրահարույց ներդրումային փաթեթի և հավակնող անձի մասին տեղեկություններ։

Ներդրումային ծրագիրը, ըստ մեր զրուցակցի,  շուրջ 15  մլն դոլարանոց փաթեթ է ենթադրում, իսկ իրականացնողը մարզի երբեմնի բնակիչներից է։

Ներդրողին քիչ թե շատ ճանաչողները հույս ունեն, որ մարզպետի՝ կոկորդիլոս բուծելու զավեշտալի պատմությունը չի կրկնվի, մյուս կողմից՝ լուրջ բախում է հրահրվում, քանի որ ներդրումային փաթեթով պլանավորված է հուշարձանի տարածքում ռեստորան ու հյուրատուն կառուցել։

«Հիմա մարզպետը ստիպված է քարաճիկով կոկորդիլոսների ուսումնասիրությունից  կտրուկ անցում անել հոգևոր թեմաներին, նա պարտավորված պիտի օրը մի երկու տող  Աստվածաշունչ կարդա, որ կոկորդիլոսաբուծարանի օրինակով  իրեն ու իր քաղաքական թիմին,  քավոր վարչապետ Փաշինյանին  ծիծաղելի վիճակում չդնի»,- կատակում է մեր աղբյուրը և ներդրումային ծրագրի անունն է հնչեցնում ՝ «Նոյյան տապան»։

«Այս օրերին պոտենցիալ ներդրողն արտերկրից հեռակապով ակտիվ բանակցում է իշխանությունների հետ, որպեսզի գարնանամուտին կարողանա ծրագրի մեկնարկն ապահովել»,- 168․am-ին հայտնում է մեկ այլ աղբյուր, ով մարզպետարանի աշխատակիցներից է և չի ցանկանում անունը հրապարակել։

Ո՞վ է ներդրողը,  և արդյոք գաղափարը լրջություն պարունակո՞ւմ է

Ներդրումային ծրագիրը, որ մարզպետ Գարիկ Սարգսյանն ուզում է ամեն գնով կյանքի կոչել Արարատում,  իրականում գողացված,  հին ու չօգտագործված գաղափար  է։  «Նոյյան Տապան» ստեղծելու միտքը առաջինը ծագել էր նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ամերձ երբեմնի գործարար, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի մտքում։

Ուշագրավ է այն, որ  Արարատի մարզը  Գարիկ Սարգսյանի երազած մարզը դարձնելու համար պիտի ջանքեր գործադրի  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյի՝ Նահապետ Գևորգյանի խնամին։

Սարգիս Թադևոսյան անունով անձը մոսկվայաբնակ մեծահարուստներից մեկն է, ով եղել է մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին։ Ավելին, համագյուղացիները Գարիկ-Սարգիս կապի մասին խոսելիս հիշում են, թե ինչպես է տարիներ առաջ Նոր կյանքի բնակիչ Սարգիս Թադևոսյանը ասֆալտապատումներ անելով, գյուղի դպրոցը  նորոգելով ու  Մոսկվայի հարուստ հայերի համատեղ ջանքերն ի մի բերելով՝ աջակցել, որպեսզի  իր գյուղի Մնացի տղու՝  Գարիկի փափագը կատարվի, դառնա գյուղապետ։ Եվ ահա այսօր, Սարգիս Թադևոսյանի թեթև ձեռքով մինչև մարզպետի  աթոռ հասած նորկյանքցի Գարիկ Սարգսյանը, փաստորեն, նստում է մարզպետարանի խորհրդակցական սեղանի շուրջ ու  հավասարը հավասարի բանակցում  իր երբեմնի կնքահոր հետ՝  ձև անելով, թե  Մոսկվայից եկած հարուստ հայի հետ տուրիզմի գոտի ստեղծելու ներդրումային փաթեթ է քննարկում։

Իսկ ո՞ւմ գաղափարն է գողացվել մարզպետի կամ կնքահոր կողմից

Սրանից ճիշտ 10 տարի առաջ, հիշեցնենք, ՀՀԿ-ական գործարարն այս մասին ակտիվ պատմում էր լրատվամիջոցներին,  և որպես համատեղ ներդրող՝ վկայակոչում էր Կանադայից ինչ-որ  գործընկերոջ անուն։  Անգամ տապանի մանրակերտը կար նրա աշխատասենյակում։  Այդ ժամանակ գործարարն իր այդ գաղափարի մանրակերտը՝ նաիրյան բարդիներով գեղեցիկ տապանը, հպարտությամբ էր ցուցադրում իր հյուրերին, հավատում էր, որ իր ստեղծած քրիստոնեական թանգարանը կդառնա Հայաստանն  աշխարհին ցույց տալու իսկական այցեքարտ,  պատմում էր, թե ինչպես է փուլ առ փուլ  40 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը իրականություն դարձնելու։

Համալիրը, նախատեսվում էր, որ տուրիստական միջավայր պիտի ստեղծեր Երևանից ոչ հեռու՝ Հայաստանի  առաջին մայրաքաղաք Դվինից 15 կմ  հեռավորության վրա և Խոր Վիրապի տարածքում։ Սակայն «Նոյյան Տապանի»  այդքան թմբկահարված ներդրումային փաթեթն այդպես էլ  մանրակերտից այն կողմ  չանցավ։

Պատճառը նախատեսված վայրում հայտնաբերած գտածոներն էին.  հնագետները պնդում էին, որ չուսումնասիրված պատմամշակութային  գոտի կա նշված վայրում, այդ իսկ պատճառով ժամանակին արգելվեց տեխնիկայով մուտք գործել տարածք։

Նախատեսված վայրը, որտեղ Նոյյան Տապանի հանգրվանը պիտի լիներ,  Արարատի ստորոտին էր,  հենց Խոր Վիրապի հարևանությամբ։ Թեմատիկ ընտրված վայրը, ի դեպ, հավակնում էր տուրիզմի ակտիվ գոտի դառնալ, քրիստոնեության հետ կապող նշանակություն էր ունենալու՝  Աստվածաշնչյան,  Արարատի և Խոր Վիրապի համար։

Հիշեցնենք, գաղափարի հեղինակն այդ ամենն ուրվագծել էր  դեռ նախկին իշխանության օրոք՝  Քրիստոնեությունն ընդունելու 1700-ամյակի տոնակատարություններին ընդառաջ։  Ընդ որում, չմոռանանք նաև, թե ինչպես էր նույն գաղափարը 4-5 տարի անց՝ 2012-ի փետրվարին,  յուրացրել  նաև ինչ-որ նախաձեռնող խումբ  և ուզում էր, իբր, «Հաղթանակ»  զբոսայգու բարձունքում «Նոյյան Տապան» կառուցել։

Այն ժամանակ խմբից ակտիվ հանդես եկող  Մարտուն Հարությունյանը բարձրագոչ հայտարարում էր, թե  Տապանի նավակը փայտաշեն պիտի կառուցվի և հանգրվանի «Հաղթանակ» զբոսայգուն  հարակից ծառազուրկ ժայռաբեկորների վրա։ Նրա երևակայած «Նոյյան Տապան» եռահարկ համալիրն իբր Տապանի բնական նույնականացող չափերը պիտի ունենար՝ 132 մ երկարություն, 22 մ լայնություն, 13 մ բարձրություն, Տապանի բնակիչների մոմե մանրակերտով հագեցած թանգարանային սենյակներ։ Այս մեկը, ըստ էության, զվարճանքի վայր պիտի լիներ՝ նախատեսված կոնֆերանս-դահլիճով, կինոթատրոնով, գրասենյակներով և հյուրանոցային համարներով։ Բայց կարճ ժամանակում այս փուչիկն էլ պայթեց,  օդում կրակած փամփուշտը շատ արագ  մոռացվեց հասարակության կողմից և  անգամ հանրային քննարկման նյութ չդարձավ, ինչպես Մանվել Տեր-Առաքելյանի նախագծի դեպքում էր։

Տարիներ անց, ահա, «Նոյյան Տապան» կառուցելու գաղափարը հասավ Արարատի մարզ։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս