Բաժիններ՝

Նա սիրում է մեզ ավելի, քան մենք ինքներս մեզ

Աստծո հետ փոխհարաբերությունը յուրահատուկ փորձառություն է։ Աստված յուրահատուկ և անբացատրելի սիրով է սիրում մեզ, և այդ սերը առանց վերապահումների է։

Երբեմն մարդիկ հեռանում են Աստծուց, մինչդեռ Աստված երբեք չի լքում մարդկանց: Մենք համոզվում ենք Աստծո սիրո իսկության մեջ մեր կյանքում, որովհետև Աստված ամեն վայրկյան հոգ է տանում մեզ համար: Հետաքրքիր է, որ մեր մարդկային սխալականությունը երբեք Աստծուն չվանեց մեզանից: Ավելին, ամեն անգամ երբ անում ենք հերթական սխալը, ակնկալում ենք Աստծո օգնությունը, նրա բարեխոսությունը, և հավատում ենք, որ Նա միակն է, ով տեսնում է այն ճշմարիտ ճանապարհը, որով մենք կկարողանանք դուրս գալ այն լաբիրինթոսից, որի մեջ հայտնվել ենք:

«Այն, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի մարդկությունը նրանով փրկվի արդեն խոսում է այն մասին, որ նա սիրում է մեզ: Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն՝ քավություն լինելու մեր մեղքերի համար» ( Հովհաննես Ա. 4.9,10)։

Նրա սերը պայմանավորված չէ մեր քայլերով և գործողություններով։ Ոչինչ չես կարող անել, որ Աստված քեզ մի փոքր ավելի սիրի։ Նմանապես չկա մի բան, որ կարողանա ստիպել Աստծուն քեզ մի փոքր ավելի քիչ սիրել։ Նա սիրում է մեզ ավելի, քան մենք ինքներս մեզ։

Աստծո սիրո գիտակցումը կօգնի մեզ անել ամեն բան, նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ կթվա անհնարին: «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահ, ո՛չ կյանք, ո՛չ հրեշտակներ, ո՛չ իշխանություններ, ո՛չ զորություններ, ո՛չ ներկա բաներ, ո՛չ գալու բաներ և ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մեկ ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է» (Հռոմեացիներին 8.38,39)։

Մեր հավատքը հիմնված է Աստծո հայտնության վրա, և որքան ավելի լավ ենք ճանաչում Նրան, այնքան հավատքը ավելի ու ավելի է աճում:

Մարիետտա Խաչատրյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս