«Մեզ անհրաժեշտ է ավելի շատ առատաձեռնություն և երկարաժամկետ տեսլական». Ալան Ուայթհորն
Հարցազրույց գրող, Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի վաստակավոր դասախոս Ալան Ուայթհորնի հետ
Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի վաստակավոր դասախոս, գրող Ալան Ուայթհորնը 2019թ. հոկտեմբերին երկար դադարից հետո կարողացավ նորից գալ Հայաստան։ Ալանն առողջական խնդիրների պատճառով երկար տարիներ չէր կարողացել գալ Հայաստան։
Սփյուռքի հայը, ով վերջապես եկավ Հայաստան
Ալանից երկար տարիներ են պահանջվել, մինչև որ նա կարողացավ առաջին անգամ Հայաստան գալ 2005-ին։ Որպես ցՑղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի թոռ և ցեղասպանության գիտական հարցերով զբաղվող անձնավորություն, Ալանը` սկսած 1960-ականներից մինչև 2000թթ., բազում անգամներ է փորձել գալ Հայաստան, սակայն ամեն անգամ ինչ-որ մի պատճառ է ի հայտ եկել, և նա չի կարողացել գալ։ Վերջապես, 2005-ին, Ալանն առաջին անգամ կարողացավ ոտք դնել Հայաստան։ «Դա մի գերազանց ուղևորություն էր` իմ սպասումների և տեսածի առումով»,- Ալանը ջերմությամբ վերհիշում է իր առաջին ուղևորությունը դեպի Հայաստան։ Այդ ուղևորությունը սկիզբ դրեց շուրջ մեկ տասնամյակ ամեն տարի Հայաստան կատարվելիք ուղևորությունների շարքին։ «Իմ առաջին այցելությունից հետո, ավելի քան մեկ տասնամյակ ես ամեն տարի շուրջ հինգ շաբաթով եկել եմ Հայաստան։ Իմ ամեն մի այցելությունը նման էր մի յուրօրինակ գրքի ամբողջ գլխի, որի ընթացքում ես ծանոթանում էի հայ իրականության բազմազանության, ինչպես նաև հայ հասարակության և հայոց պատմության տարբեր շերտերի հետ»։
Ալանին Հայաստանում ճանաչում են ոչ միայն Ցեղասպանության ճանաչման և կանխարգելման ոլորտում իր կատարած աշխատանքի համար, այլ նաև իր գրական աշխատանքներով և բանաստեղծություններով, որոնք թարգմանիչ Արամ Արսենյանի օգնությամբ թարգմանվել են հայերեն։ Հարկ է նշել, որ Ալանը հրապարակել է անգլերեն լեզվով ամբողջովին հայոց ցեղասպանության վերաբերյալ երբևէ եղած առաջին հանրագիտարանը։ Սույն հանրագիտարանը լույս է տեսել 2015թ.` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակին ընդառաջ։ Հանրագիտարանի նպատակն է` ծանուցողական և խորքային մեթոդներով աշխարհին ծանոթացնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող մանրամասներին։ Հանրագիտարանի հրապարակումից անմիջապես հետո Ալանը լուրջ առողջական խնդիրներ ունեցավ, որի պատճառով մի քանի տարի չկարողացավ գալ Հայաստան։ Սակայն դա Ալանին չէր խանգարում շարունակել իր աշխատանքը, և նա շարունակում էր Հայաստանի հետ կապված իր գիտական աշխատանքն իր գործընկերներ Հերմինե Նավասարդյանի և Արամ Արսենյանի հետ իրականացնել։
Վերադարձ Հայաստան
Վերջապես, այս տարի Ալանի առողջությունը վերականգնվեց, և այս տարվա հոկտեմբերին նա կարողացավ նորից Հայաստան գալ։ Չնայած այն բանին, որ այս անգամ Ալանի այցը կարճաժամկետ էր, այն լի էր գիտական և մարդու իրավունքների ոլորտում կատարվող աշխատանքով։ Այս տարի Ալանը Հայաստան էր հրավիրվել մասնակցելու Ավրորա ֆորումին՝ որպես «Բարի կամքի դեսպան»։ «Ինձ համար այս այցը յուրահատուկ էր, քանի որ Հայաստանում ես հանդիպեցի մարդասիրական ոլորտում հայտնի նշանավոր մարդկանց, ինչպես նաև սփյուռքից հայ բարերարների։ Այս ուղևորությունն իր մեջ ներառում էր բազմակողմանի աշխատանք, և ես Հայաստան էի եկել ոչ միայն Ավրորա ֆորումին մասնակցելու, այլ նաև Հայաստան էի վերադարձել հինգ տարվա բացակայությունից հետո։ Բազում անձինք տարբեր ինստիտուտներից և հաստատություններից ինձ հրավիրեցին ցեղասպանության ոլորտում իմ կատարած գիտական աշխատանքի վերաբերյալ դասախոսությամբ հանդես գալու։ Ես երկու անգամ դասախոսությամբ հանդես եկա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, և մեկ անգամ` Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտության դպրոցում։ Ես նաև մեկ ամբողջ օր անցկացրել եմ Հայաստանի Պաշտպանության նախարարության երկու կրթական օջախներից ամեն մեկում և հանդիպումներ եմ այնտեղ ունեցել, որոնց ժամանակ քննարկել ենք ռազմական կրթությանը վերաբերող հարցեր»,- պատմեց Ալան ՈՒայթհորնը` Հայաստանում եղած ժամանակ իր ունեցած հանդիպումների վերաբերյալ։
Կանադայի «Թագավորական ռազմական քոլեջում» Ալանը դասավանդել է շուրջ երեսունվեց տարի, և որպես պատվավոր դասախոս՝ հաճույքով է կիսվել իր գիտելիքներով և փորձով, որպեսզի իր լուման ունենա Հայաստանում ռազմական կրթության զարգացման գործում։ «Ես նաև ոչ պաշտոնապես աշխատում եմ թոշակի անցած կանադացի ռազմական գեներալ Էռնեստ Բենոյի հետ, ով Հայաստանի ռազմական կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ է տանում ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (NATO Defence Education Enhancement Programme (DEEP) շրջանակներում։ Իմ այցի ժամանակ ինձ հրավիրել են նաև մասնակցելու Հայաստանի Գրողների միության միջազգային համաժողովին, որտեղ ինձ կարճ խոսք տրվեց, և հայոց գրականության մեջ իմ ունեցած ավանդի համար միությունն ինձ պարգևատրեց «Նարեկացու» անվան ոսկե մեդալով։
Ինչ է փոխվել Հայաստանում
Հինգ տարի հետո Հայաստան վերադառնալով, Ալանը բազում փոփոխություններ է նկատել։ «Փոփոխություններ, անշուշտ, կան։ Մի քանի բան իրոք ինձ հաճելիորեն զարմացրեցին։ Առաջինն այն էր, թե ինչքան նոր հյուրանոցներ և ավելի շատ զբոսաշրջիկներ են հայտնվել Հայաստանում, և ինչքան բազմազան երկրներից են արդեն Հայաստան ժամանում։ Ես այստեղ ավելի շատ ասիացի տուրիստներ նկատեցի, ավելի շատ բարձրաճաշակ հյուրանոցներ, նոր ռեստորաններ, և այլն։ Միգուցե իմ կարծիքը Երևանի վրա կենտրոնացած լինի, սակայն այս այցի ընթացքում ես ավելի շատ միջազգային և բազմազանության հասնող միջավայր նկատեցի։ Այցելուները միայն սփյուռքից չեն, այլ նաև աշխարհի այլ երկրներից։ Ավրորա ֆորումը նույնպես մեծ խթան էր, որպեսզի մարդիկ այցելեն Հայաստան, քանի որ այս միջոցառման շնորհիվ մարդասիրական ոլորտում հայտնի այդքան մարդ ժամանեց Հայաստան։ Այս միջոցառումն այլ ոլորտներից նույնպես մարդիկ բերեց Հայաստան։ Սա չափազանց ողջունելի է։ Իմ տպավորությունն այն է, որ երկրի` բաց դռների քաղաքականությունը սկսել է արդյունք տալ»։
Ալան Ուայթհորնը կարծում է, որ թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ լավատեսություն և փոփոխությունների հանդեպ ճկունություն կա Հայաստանում։ Իր այցի ընթացքում Ալանը մասնավորապես խորը տպավորված է եղել UWC Դիլիջան քոլեջով, որն աշխարհի տարբեր անկյուններից ուսանողների է ներգրավում իրենց ուսումը Դիլիջանում ստանալու։ «Այն շատ յուրահատուկ վայր է, և ես շատ տպավորված էի այն փաստով, թե այս հինգ տարիների ընթացքում ինչքան մեծ ձեռքբերումների են հասել։ Քոլեջը միանգամայն տպավորիչ էր, և ուսանողներն աշխարհի տարբեր երկրներից են, ինչը յուրահատուկ բազմամշակութային միջավայր է ստեղծում այդ կրթօջախում։ Այդտեղ ուսուցանվող հայերի համար սա մի անփոխարինելի փորձառություն է։
Միջազգային ուսանողները գալիս են այստեղ սովորելու, ինչի ընթացքում բացահայտում են Հայաստանը և վերադառնում են իրենց երկրներ։ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը չունի մուտք դեպի ծով և որոշ չափով աշխարհաքաղաքական տեսանկյունից կտրված է, շատ կարևոր է, որպեսզի նոր սերունդները տարբեր երկրներից եկած մարդկանց հետ կապեր և ընկերություն հաստատեն` զարգացնելով գլոբալ մտածելակերպ ձևավորող իրենց ինքնությունը։ Կարծում եմ, որ UWC Դիլիջան քոլեջը շատ կարևոր կրթական համալիր է, որը նպաստում է աշխարհի տարբեր անկյուններից եկած առաջադեմ ձայների միջև երկարաժամկետ կապերի ձևավորմանը։ Այս նույն կրթօջախների ցանցից մեկ հատ էլ մեզ մոտ՝ Կանադայում կա, որը, անշուշտ, իր պատվավոր տեղն ունի։ Իմ գործընկեր Արա Քաթիբյանը և ես այս կրթօջախ կատարած մեր այցելության ժամանակ մեր գրքերից հատորներ ենք սիրով նվիրաբերել քոլեջի գրադարանին, և ես հույս ունեմ՝ հաջորդ տարի նույնպես կվերադառնամ` ինձ հետ բերելով նոր գրքեր»,- պատմեց Ալանն իր ամենատպավորիչ այցելության վերաբերյալ։
Հայաստանում նկատվող արտերկրացիների աճի վերաբերյալ Ալանը կարծում է, որ այսուհետ արտասահմանցի այցելուների և աշխատողների համար, ինչպիսիք են, օրինակ, Հնդկաստանից և Միջին Արևելքից այցելուները, ավելի դյուրին է դարձել կազմակերպել Հայաստան այցելելու գործընթացը։ Սակայն այստեղ հարցն այն է, թե ինչքանո՞վ է Հայաստանի հասարակությունը պատրաստ աշխատող ներգաղթյալների ներհոսքին։ Ժամանակի ընթացքում հարց է ծագելու, թե ինչքանո՞վ է Հայաստանի հասարակությունը պատրաստ այլ մշակութային արժեքներ կրող այդ մարդկանց հետ ապրել կողք կողքի։ «Մենք Կանադայում նույնպես այս հարցն ունեցել ենք երկար տարիների ընթացքում։ Կանադան մի երկիր է, որը կառուցվել է ներգաղթյալների տարբեր հոսքերի հիման վրա։ Դա իր հետ բերել է բնակչության կտրուկ աճ, սակայն, դրա հետ մեկտեղ՝ հասունացել են կանադացիների ինքնությանը վերաբերող մարտահրավերներ և հարցեր։ Արդյունքում՝ կանադացիների մոտ քննարկումներ են առաջացել առ այն, թե ո՞րն է, վերջիվերջո, իրենց համընդհանուր ազգային ինքնությունը։ Նրանք կենտրոնանում են այն բանի վրա, թե ով է կանադացի և ով չի կարող լինել կանադացի, և, թե ինչպիսի կանադացիներ են նրանք, ովքեր կարող են համարվել այդպիսիք։ Եթե Հայաստանը ցանկանում է շատացնել իր բնակչության թիվը, ապա այս հարցերն այդտեղ նույնպես ծագելու են, քանի որ ժամանակի հետ ավելի շատ են հմտությունների տիրապետող ներգաղթյալներ գալու Հայաստան, որպեսզի աշխատեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կամ կատարեն այնպիսի աշխատանքներ, որոնք տեղացի հայերը կամ չեն ցանկանում կատարել, կամ չեն կարող»,- կարծիք հայտնեց Ալան Ուայթհորնը` Հայաստանի բնակչության թվի մեծացման նպատակով ներգաղթի կազմակերպման հնարավորության վերաբերյալ։
Հայաստանում իր գտնվելու ժամանակ Ալանն ուշադրություն է դարձրել նաև մարդկանց` թավշյա հեղափոխությունից հետո ունեցած տրամադրությունների վրա։ Նա զգալի շարժ է նկատել հոռետեսությունից և անտարբերությունից՝ դեպի լավատեսություն և վստահություն։ «Բոլոր խաղաղ հեղափոխությունների պարագայում սպասելիքներն այնքան բարձր են, որ հետհեղափոխական շրջանում ավելի շատ են մարտահրավերներ ի հայտ գալիս, քան մարդիկ կարծում են։ ՈՒստի այժմ՝ հեղափոխությունից մեկուկես տարի անց, հարցն այն է, թե արդյո՞ք մարդիկ դեռևս լավատես են։ Արդյո՞ք փոփոխությունները բավականաչափ արագ են տեղի ունենում։ Արդյո՞ք փոփոխությունները բոլորի համար են տեղի ունենում, թե՞ որոշ մարդկանց համար միայն։ Գլոբալ մոդեռնիզացիայի հեղափոխությունը, վերջին հաշվով, պետք է լինի հասարակության մեջ կանանց դերի բարձրացման հիման վրա և կանանց կրթվածության մակարդակի երկարաժամկետ զարգացման համար հիմնական նախապայմաններից մեկն է։ Անցյալում Հայաստանի հասարակությունն ավելի շատ է հիմնված եղել հայրիշխանության վրա, և կնոջ դերը նվազեցվել է հասարակության մեջ։ Հիմնական հարցն այստեղ այն է, թե ինչքանո՞վ է կանանց դերը բարձրացվել։ Դեռևս, կարծում եմ, խնդրահարույց հարց է, թե ինչքանով կարող ենք այս հարցում զարգացում արձանագրել, և թե ինչքանով սահուն այս փոփոխությունները կարող են տեղի ունենալ»։
Հաջորդ մեծ փոփոխությունը, որ Ալանը նկատել է, խոսակցական երկրորդ լեզուն ռուսերենից անգլերենի անցկացնելն է։ Նա համոզված է, որ անգլերենի զարգացումը Հայաստանում, որպես երկրորդ լեզու, չափազանց կարևոր է գլոբալ կոմունիկացիաներին և միջազգային տնտեսությանը մաս կազմելու համար։ Այս առումով, անգլերենն ինտերնետի և ժամանակակից գիտությունների հիմնական լեզուն է, ուստի անգլերեն լեզվի լավ իմացությունը շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա ժամանակակից աշխարհում այս գլոբալ գործընթացներին մաս կազմել։ «Սա նշանակում է, որ Հայաստանի լրջագույն պետական կառույցներում, ինչպիսիք են, օրինակ, Արտաքին գործերի նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը, ավելի շատ թվով բարձր պաշտոնյաներ պետք է տիրապետեն անգլերեն լեզվին, որպեսզի կարողանան շփումներ հաստատել արտերկրում և միջազգային կառույցներում իրենց գործընկերների հետ։ Չնայած այն բանին, որ հայերը պետք է երեք լեզվի տիրապետեն (ներառյալ՝ ռուսերեն լեզվին՝ որպես կարևոր աշխարհաքաղաքական կոմունիկացիայի միջոց), անգլերեն լեզվի հեղափոխությունը պետք է շարունակվի»,- ասաց Ալան Ուայթհորնը։
Ցավոք, այս ընթացքում բացասական փոփոխություններ նույնպես տեղի են ունեցել։ Նման բացասական փոփոխություններից են, օրինակ, ծխողների թվի զգալի աճը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ «Այս առումով ես հիասթափություն ապրեցի։ Երբ 2015թ. ես մեկնեցի Հայաստանից, ծխելու դեմ պայքարի գործում որոշակի առաջխաղացում էր նկատվում, սակայն հինգ տարի հետո վերադառնալով՝ ես նկատեցի, որ ծխելու հետ կապված իրավիճակն ավելի է վատթարացել։ Նույնիսկ փողոցներն են ծխով լի։ Ես հիասթափվել էի՝ տեսնելով, որ ոչ միայն առաջխաղացում չկա ծխելու դեմ պայքարի գործում, այլ ընդհակառակը, դեռ ավելի շատ են մարդիկ սկսել ծխել։ Շրջակա միջավայրի աղտոտվածությունը նույնպես մեծ խնդիր է Հայաստանի համար։ Երևանում ես չտեսա պլաստիկ նյութերի վերամշակման նպատակով աղբի տեսակավորում։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկ նյութերն ու շշերն ամենուրեք են։ Որպեսզի օրինակ ծառայեմ, ես ինձ հետ Կանադայից բերել էի կտորից իմ առևտրի պայուսակը, որն այստեղ օգտագործել եմ իմ կացության ընթացքում, որպեսզի ցուցադրական կերպով օրինակ ցույց տամ, որ կարելի է կրճատել պլաստիկի օգտագործումը։ Պլաստիկ աղբի հարցը Հայաստանում անհապաղ լուծման կարիք ունի»։
Ալան Ուայթհորնին Հայաստան էր բերել Ավրորա ֆորումը, ինչի առաջխաղացման վերաբերյալ նա իր զարմանքն է հայտնում։ «Ավրորա ֆորումն ընդամենը չորս տարեկան է, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրել է զգալի աճ ապահովել և՛ Հայաստանում, և՛ միջազգային ասպարեզում։ Ես շատ տպավորված եմ տարեցտարի արձանագրած առաջխաղացմամբ։ Համահիմնադիրները հիանալի մարդիկ են։ Ես շատ էի տպավորվել ոչ միայն իրենց ցուցաբերած առատաձեռնությամբ, այլ նաև հիմնական երեք համահիմնադիրների ինտելեկտուալ աշխատանքով։ Վարդան Գրիգորյանը, Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, մասնավորապես, լի էին անհավատալի ջիղով։ Չնայած այն բանին, որ այդ օրերին իրենց օրակարգը բավականին ծավալուն էր, ժամանակ առ ժամանակ կարելի էր նրանց տեսնել տարբեր հարթակներում` եռուն էներգիայով միջոցառումներին մասնակցելիս։ Նրանք ամենուրեք բաց անմիջականություն և իրական ինտելեկտուալ էնտուզիազմ էին ցուցաբերում։ Հուսով եմ՝ ավելի շատ անհատներ կհետևեն իրենց օրինակին և իրենց ներդրումը կունենան ոչ միայն իրենց երկրի զարգացման գործում, այլ նաև Հայաստանից դուրս Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում»,- նշեց Ալանը։ Նա հատուկ շեշտեց նման աշխատանքների կարևորությունը, քանի որ մեր ժամանակներում կարծես թե աշխարհի` նեղ մտածելակերպով շատ առաջնորդներ աշխարհը սխալ ուղղությամբ են տանում։ Աշխարհին ներկայումս ավելի շատ են պետք առատաձեռն և կառուցողական մարդասիրական ծրագրեր իրականացնող մարդիկ, որպեսզի հնարավոր լինի աշխարհում տեղի ունեցող այսօրվա` խառնաշփոթի հասնող իրավիճակներում դրական փոփոխություն մտցնել։
Պատրաստեց Կամո Մայիլյանը
Տորոնտո-Երևան