Ուկրաինայի խորհրդարանը մեկ տարով երկարացրեց Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը
Գերագույն ռադան մինչեւ 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից:
«Ժողովրդի ծառա» խմբակցությունը դեկտեմբերի 12-ին, մեկնաբանելով օրենքի երկարաձգման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ «դրա ընդունումը նշանակում է Դոնբասի խնդրի խաղաղ լուծման հանձնառություն, ինչը նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ցուցադրել է «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ: «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը գոյություն ունի 2014 թվականի հոկտեմբերի 18-ից. ավելի վաղ այն արդեն քանիցս երկարացվել է: Փաստաթուղթը նախատեսում է, որ հատուկ կարգավիճակի մասին դրույթներն ուժի մեջ կմտնեն Դոնբասի՝ Կիեւի կողմից չվերահսկվող տարածքներում ժողովրդավարական ընտրությունների անցկացումից եւ զորքերի դուրսբերումից հետո: Մինսկի համաձայնագրերի համաձայն, Ուկրաինայում պետք է անցկացվի սահմանադրական բարեփոխում՝ հիմնական օրենքում մշտական հիման վրա Դոնբասի ինքնակառավարման հատուկ կարգավիճակի ամրագրմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



