«Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքն անհրաժեշտություն է,  գաղափարներ արդեն կան». Վահագն Թևոսյան

Լրագրողական երեք կազմակերպությունների մշակած և հուլիսից  շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծն ԱԺ չի մտնի, փոխարենը՝ կգրվի նորը: Այս մասին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի սկզբունքների մասին քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը: Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա առաջացավ օրենքը փոխելու անհրաժեշտությունը, երբ առջևում  է հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթը:

«Այստեղ կա քաղաքական բաղադրիչ, եթե հանրության կողմից պատվեր չի իջեցվել, հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները պահանջ չեն ներկայացրել: Նախ հայտարարեք, թե ի՞նչ եք ուզում, նպատակը, ձեր սկզբունքները հռչակեք, հետո նոր ճանապարհը հարթենք, թե ինչպե՞ս ենք հասնում այդ նպատակին: Այդ մասին չի հայտարարվում: Տարերային արտահայտություններ են հնչում՝ «Հայաստանը մեր օջախն է», «Քաղաքացի, դուխո՛վ», սրանք ինչե՞ր են, տարերային լոզունգնե՞ր, թե՞ սա է մեր պետական քաղաքականությունը, որ ըստ դրա էլ՝ կոնտենտ ստեղծվի, այս շտապողականությունը պայմանավորված էր լիցենզիաների սպասվող մրցույթներով, ում կտան, ում չեն տա»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը համաձայն չէ, որ հանրային պահանջ չկա, վստահեցնում է՝ լրագրողական կազմակերպություններն օրենքի նախագիծը ներկայացրել են սեփական նախաձեռնությամբ: Նոր օրենքը, ըստ պատգամավորի, անհրաժեշտություն է, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրականության մեջ, երբ կարիք կա կարգավորելու աուդիո-վիզուալ ծառայությունների մատուցումը:

«Այն, որ հանրային պահանջարկ չկա, չափազանցված է: Շահառուները միայն վերգետնյա հեռարձակման հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները չեն, դրանք ցանցային և մալուխային օպերատորներն են, աուդիո-վիզուալ ծառայություններ մատուցող ընկերություններն են ու հեռուստադիտողները: Մենք թևակոխել ենք աուդիո-վիզուալ ծառայությունների մատուցման նոր իրականություն, այս պարագայում կա որոշակի անհամաչափություն և՛ ներկայացված պահանջների, և՛ վերահսկողության մեխանիզմների, և՛ ֆինանսական ադեկվատ ակնկալիքների առումով»,- ասաց Վահագն Թևոսյանը:

Հունվարից քննարկման կդրվի նոր օրենքի նախագիծ, ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ գաղափարներ արդեն կան: Սկսելու են հայեցակարգի մշակումից: Օրինագիծը ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցությունը, հետևաբար՝ պատասխանատվությունը ևս իրենցն է լինելու:

 

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։