Օպերացիա «Սերժ», կամ՝ «ռեժիմը խուճապի մեջ է»

Ինչպես ժամանակին սիրում էր ասել հայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ «ռեժիմը խուճապի մեջ է», և այդ խուճապը բացահայտ նկատելի է ներկայիս քաղաքական բուրգի գագաթին գտնվողների գործողություններից։ Իշխանափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, զարմանքի տեղիք չի տալիս, քանի որ այն աբսուրդ, անհեթեթ իրականությունը, ինչի ականատեսն ենք դառնում ամենօրյա ռեժիմով, ուղղակի դուրս է քաղաքական ու քաղաքագիտական ցանկացած տրամաբանությունից ու նորմից։

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա պաշտոնավարման ընթացքում «կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը»: Հանուն արդարության՝ պետք է նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանքի առաջադրման փաստը չունեցավ այն էֆեկտը, ինչին սպասում էին իշխանության վերնախավում, դա անգամ նկատելի էր իշխանական որոշ ներկայացուցիչների տարբեր հարցազրույցներում, որտեղ նրանք ներկայացված մեղադրանքը համարում էին «նվեր Սերժի համար» կամ ուղղակի «շատ թավշյա քաղաքականության դրսևորում»։

Իսկ իրականում տեղի ունեցածը Հայաստանում մեկուկես տարի պարբերաբար տեղի ունեցող գործընթացի բաղկացուցիչ մասն է, երբ ողջ իշխանական համակարգը համապատասխան ուժային կառույցներին հորդորում էին այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ զինվորականի նկատմամբ հերթական գործը «կարել»։

Այնպիսի տպավորություն է, որ ՀՔԾ-ում աշխատում են աբսուրդի ռեժիմով․ նախ՝ կալանքն են տալիս կամ մեղադրանք առաջադրում, հետո նոր միայն՝ մտածում այդ մեղադրական հիմքերի ու փաստերի ճշմարտացիության ու իրավական հիմք ունենալու մասին։

Նախագահ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հետ կապված պետք է փաստենք, որ, ըստ էության, իշխանությունները, հասկանալով, որ ներկայումս քաղաքական դաշտում որոշակի պասիվություն է, և առկա է վարկանիշի լուրջ ու նկատելի անկում, ձեռնամուխ են լինում «Սերժի ձերբակալություն» օպերացիայի կյանքի կոչմանը։

Ի դեպ, տեղեկությունների համաձայն՝ այս թեման երկու ամիս առաջ ևս եղել է իշխանությունների օրակարգում, սակայն այդ փուլում սոցհարթակում որոշակի ակտիվ դրսևորումների ցուցաբերման փաստը որոշակիորեն հետաձգեց այն, իսկ դեկտեմբերը բավական հարմար առիթ է ՀՀ երրորդ նախագահի առաջիկա կալանավորման համար։

Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քայլեր են, քանի որ դրանում բացակայում է իրավական հիմքը։ ՀՀԿ-ականների այն միտքը, որ, եթե «Քոչարյանի գործը ջուր է, ապա Սարգսյանի գործն օդ է», իշխանական լրատվականներում «լուրջ» վերլուծությունների ու քննարկումների առիթ է դարձել, և հնարավոր բոլոր թեզերով փորձեր են արվել հակափաստարկների մի ամբողջ կույտ առաջ քաշել՝ այդ գաղափարը փոշիացնելու համար։ Սակայն, երբ փորձում ես իշխանական քարոզիչների առաջ քաշած թեզերը բովանդակային վերլուծության ենթարկել, պարզվում է, որ դրանց հիմքում խորքային դատարկաբանություն է, ոչ մի փաստական տվյալ։

Ստացվում է՝ մի հոգու տված ցուցմունքով մի ամբողջ պետության ղեկավարի մեղադրանք է առաջադրվում, իսկ ամենազավեշտալին այն է, որ տարիուկես խոշորացույցով ուսումնասիրում էին նախորդ «կոռումպացվածների ու կեղեքիչների» գործունեությունը, նրանց կատարած գործարքներն ու գնումները, և փաստացի կարողացել են «բռնապետ, թալանչի Սերժի» նկատմամբ մի քանի լիտր դիզվառելիքի չարաշահման դրվագ հայտնաբերել։ Ավելի ճիշտ, ոչ թե հայտնաբերել են, այլ գտել են այն մարդուն, ով խոստովանել է, որ նման բան եղել է, մնացածի մասին պատկերը պարզ կլինի նախաքննությունից հետո միայն։

Վստահաբար կարող ենք ասել, որ տեղի ունեցածն ուղղակիորեն կապված էր վերջին շրջանում ՀՀԿ-ի ակտիվացմամբ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերջին մի ամսվա ընթացքում ցուցաբերած քաղաքական «ակցիաներով» (ՀՀԿ գրասենյակում հանդիպում ԱՄՆ-ի և Իտալիայի դեսպանների հետ, ԵԺԿ համագումարին մասնակցությունը, ելույթը)։

Իշխանությունների նպատակներից մեկն էլ այն է,  որպեսզի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկրից չբացակայի, այն դեպքում, երբ նրա կուսակցական գրաֆիկը բավական լուրջ ծանրաբեռնված է, քանզի արտասահմանյան այցերի պակաս, ըստ էության, Երրորդ նախագահը, ինչպես երևում է, ընդհանրապես չունի։

Ի դեպ, այսօր ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ ակնարկել է, թե Սերժ Սարգսյանը կհրավիրվի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով՝ հարցաքննության։ Մնում է հերթական անգամ զարմանալ, թե ի՞նչ է ուսումնասիրում ոչ պրոֆեսիոնալ և բանակի ու սահմանի մասին պատկերացում չունեցող մարդկանց այդ խումբը։ Իսկ առավել հետաքրքիրն այն է, թե այդ ակնհայտ քաղաքական կառույցն ի՞նչ գնահատականներ ու եզրակացություն է ներկայացնելու հանրությանը։

Արթուր Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս