Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում բազմաթիվ քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պետական այլ այրեր, հյուրեր, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կատարել է հոգեհանգստյան կարգ:
Նա իր խոսքում ասել է. «Աղետալի երկրաշարժի ժամանակ մենք ունեցել ենք ավելի քան 25 հազար զոհ, ավերվել են շենքեր ու շինություններ, փլատակների տակ են մնացել հարյուրավոր քաղաքացիներ: Մենք կարողացել ենք 1988 թվականի դժվարին օրերին կանգնել մեր հայրենակիցների մոտ և աջակցել նրանց՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես»:
Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո 1988 թվականին Ստեփանակերտում գործող զբոսաշրջային ակումբի և Արցախում կազմավորված փրկարարական ջոկատի ղեկավար Ասլան Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմել է, թե այդ օրերին արցախցիներն ինչպիսի աջակցություն են ցուցաբերել աղետի գոտում հայտնվածներին ու նրանց հարազատներին:
«Երբ մենք լսեցինք Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին լուրը՝ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, մեր ակումբի կամավորներից կազմված հսկիչ-փրկարարական ջոկատով օգնության հասանք աղետից տուժածներին: Դժվարությամբ ենք հատել Ադրբեջանի սահմանը, որովհետև այդ ժամանակ արդեն սկսվել էր Արցախյան շարժումը: Երբ հասանք Սպիտակ՝ քաղաքն ամբողջովին ավերված էր: Այնուհետև մեկնել ենք Գյումրի, որտեղ վրանների տակ մնացել ենք մի քանի օր և իրականացրել փրկարարական աշխատանքներ: Անհնար է բառերով ներկայացնել իրողությունը, որին ականատես ենք եղել մենք: Աշխատում էինք առանց հանգստանալու, որովհետև գիտակցում էինք պահի լրջությունը և ամեն կերպ ձգտում էինք օգնել անպաշտպան մարդկանց: Մեր ջոկատի կատարած աշխատանքի շնորհիվ են նաև մարդիկ ողջ մնացել: Արցախից այլ խմբեր էլ են մասնակցել փրկարարական աշխատանքներին՝ օգնելով թե՛ տեխնիկայով, թե՛ սննդով, թե՛ անհրաժեշտ այլ միջոցներով: Չնայած արդեն անցել է 31 տարի, բայց այսօր էլ մեր վերքերը չեն սպիացել, ու այդ օրերի կրած դառնությունները երբեք չի մոռացվի մեր ժողովրդի կողմից»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը:
Նշենք, որ հիշատակի արարողություններ են կատարվել նաև Արցախի մյուս շրջաններում: