Երկրաշարժից 31 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց, Գյումրիում դեռ կան տնակային ավաններ: Ըստ վերջին հաշվառման՝ Շիրակի մարզում առկա է 3500 ժամանակավոր կացարան, որից 2854-ը Գյումրիում: Չնայած տնակների առկայությանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Չկան ընտանիքներ, որոնք լինելով երկրաշարժից անօթևան և ճանաչված լինեն շահառու ու նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ կան ընտանիքներ, որոնք 1988 թվականի հետևանքով կորցրել են բնակարան, բայց ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Պատասխանատուն տեղեկացնում է, որ այդ ընտանիքները տարբեր պատճառներով շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են թերի փաստաթղթերի, կա՛մ հաշվառման ընթացքում քաղաքից բացակայելու պատճառով: Շատ են նաև դեպքերը, երբ սենյակների քիչ քանակի պատճառով միայն ընտանիքի մի մասն է տեղափոխվել բնակարան, մյուսը մնացել է տնակում:

Եթե բազմաբնակարան շենքերի մասով խնդիրը որոշակի լուծված կարելի է համարել, ապա սեփական բնակֆոնդի մասով պետությունը դեռ պարտավորություն ունի՝ սեփական տներում բնակվող 94 ընտանիքներ ընդհանրապես փոխհատուցում չի ստացել: Գյումրիում կա նաև 154 ընտանիք, որոնք մասնակի են փոխհատուցվել պետության կողմից: Ընդհանուր առմամբ, տարբեր պատճառներով, պետության կողմից մերժված կամ փոխհատուցում չստացած 1050 ընտանիքի խնդիր այս պահին լուծում է պահանջում:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս