«Վիգեն Սարգսյանը ներգրավվել է՝ որպես մեղադրյալ» շոուն այս պահին այլևս արդեն հետաքրքիր չէ ու, թերևս, հանդիսատես էլ չունի
2019թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ են ներգրավել քրեական գործով:
Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության որոշմամբ, սակայն Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:
Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանին մեղադրում են բնակարանային բարելավման կարիք ունեցող զինծառայողներին ինքնակամ բնակարաններ բաժանելու մեջ:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների դեպքերով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի, նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հետագայում, սակայն, Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է դատախազություն: Գլխավոր դատախազությունից էլ այս գործը Քննչական կոմիտե է ուղարկվել՝ պայմանավորված մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ և հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Այս պահին այս քրեական գործի վարույթը գտնվում է Քննչական կոմիտեում:
168.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամլո ծառայության հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գործի քննությունը:
Պարզվեց, որ այս գործի ընթացքի մեջ որևէ փոփոխություն չկա:
«Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Դատախազությունից ցանկացանք ճշտել, թե կոնկրետ ի՞նչ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի պնդումն այս քրեական գործը կրկին Քննչական կոմիտեի իրավասությանը հանձնելու համար:
Դատախազությունում, սակայն, ավելացնելու բան չունեին ավելի վաղ հրապարակված հաղորդագրությանը:
Փաստենք, որ «Վիգեն Սարգսյանը ներգրավվել է՝ որպես մեղադրյալ» շոուն այս պահին այլևս արդեն հետաքրքիր չէ ու, թերևս, հանդիսատես էլ չունի: Եվ այն, որ այս գործի ոդիսականը Քննչական կոմիտե-Հատուկ քննչական ծառայություն-Գլխավոր դատախազություն-կրկին Քննչական կոմիտե փակ շրջանում է փաստորեն, խոսում է այն մասին, որ այն փակուղի է մտել: Մնում է հասկանալ, թե այս գործն իրականում ինչպե՞ս և ո՞ր մարմինն է փակելու: