«Եթե նրանցից մեկը նախապես կոնֆլիկտ ունեցած լիներ, միևնույն մարտական դիրքում չէին նշանակվի հերթապահության». Գաբրիել Բալայանը՝ վերջերս տեղի ունեցած  միջադեպի մասին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին անդրադարձավ դեկտեմբերի 2-ին ՊԲ զորամասերից մեկի  պահպանության տեղամասի մարտական դիրքում կատարված միջադեպին:

Նա այն որակեց սահմռկեցուցիչ՝ վստահեցնելով, որ առաջին րոպեից սկսած իրավասու բոլոր մարմինները և նրանց ստորաբաժանումներն աշխատում են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, ինչպես նաև` Դ.Մելիքբեկյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություններ, մի շարք զինծառայողներ հարցաքննվել են՝ որպես վկա, տուժող Ա.Աջամյանի պապը՝ Խատիֆ Աջամյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել, փաստաբաններ Հայարփի Սարգսյանը և Խաչատուր Ստեփանյանը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ և մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը, վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, միջնորդություններ են հարուցվել դատարան՝ Ա.Աջամյանի հեռախոսային միացումների վերծանման և նրա բջջային հեռախոսը զննելու վերաբերյալ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

ՀՀ պաշտպանության փոխնախարարը խնդրեց «ձեռնպահ մնալ մեկնաբանություններից»:

«Մամուլում որոշակի լուրեր են տարածվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Սահմռկեցուցիչ դեպք է, ինչպիսին շուտվանից տեղի չէր ունեցել, բայց նախադեպեր եղել են: Երկու զինծառայողները, որոնք ներգրավված են եղել այդ միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը հազվադեպ է լինում: Այսինքն՝ եթե նրանցից մեկը նախապես կոնֆլիկտ ունեցած լիներ, միևնույն մարտական դիրքում չէին նշանակվի հերթապահության: Հանգում ենք որոշակի դիլեմաների, որ պետք է ապավինենք քննիչի կամ դատավորի մասնագիտական գիտելիքներին, որ պարզվի, թե որն է եղել մոտիվը»,- շեշտեց Բալայանը:

Հանդիպմանը ներկա Աննա Հակոբյանն այս համատեքստում լրացրեց, թե հրամանատարներն ուսուցողական ճանապարհով պետք է տարեցտարի կրճատեն նման դեպքերը:

Տեսանյութեր

Լրահոս