Քաղաքական շահի ու պոլիտկոռեկտության մասին
Քաղաքական սկզբունքայնությունը և պոլիտկոռեկտությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի համար կարևորագույն գործոններից են, երբ քաղաքականությամբ զբաղված մարդիկ հավատարիմ են մնում իրենց հավատամքին ու քաղաքական արժեքներին։ Մեր առօրյայում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր օրվա իշխանություններին հաճոյանալու և սեփական «մորթին» փրկելու համար դիմում են տարբեր քայլերի՝ անելով քծնողական ու իրենց սկզբունքներին հակասող հայտարարություններ։ Հաճախ այդ հայտարարությունները լինում են առանց քաղաքական հետևանքները հաշվի առնելու և ուղղակի տվյալ պահին հարմար, այլ կերպ ասած՝ իրավիճակային։ Փաշինյանի իշխանության գալուց հետո քանիցս սկսեց շրջանառվել այն պնդումը, որ հանձին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ պետական համակարգի նկատմամբ նորից «դոպուսկ» ստացան Տեր-Պետրոսյանն ու իր երբեմնի կադրային բանկը։ Շատ կարճ ժամանակ անց բոլորս ականատես եղանք, թե ինչպես տարբեր քաղաքական սեգմենտներում պաշտոններ ստացան տերպետրոսյանական շկոլայի վառ ներկայացուցիչներ կամ նրանց սատելիտ մարդիկ (Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան, Վլադիմիր Կարապետյան և այլք)։
Այն անձինք, ովքեր բացահայտ պաշտոններ չստացան, սկսեցին քաղաքական դաշտում բավականին ակտիվ գործունեություն ծավալել՝ տարբեր հարցազրույցների ու հեռուստաբանավեճերի մասնակցության հրավերներ ստանալով։ Այսօր բավականին ուշագրավ, իսկ շատերի համար՝ անգամ զարմանալի, նախկին իշխանությունների հասցեին գնահատականներ հնչեցրեց նախկին պատգամավոր, ներկայումս՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Նախ՝ նա քաղաքական գնահատականներ հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին՝ նրան համարելով «վատ ղեկավար և վատ ընկեր», ապա փորձեց իր պատկերացմամբ «տնտեսական գնահատականներ» հնչեցնել ներկայիս ՀՀ տնտեսության վերաբերյալ։ Ըստ ամենայնի, Սուքիասյանը նման որակի հայտարարություններով է հանդես գալիս՝ փորձելով Փաշինյանի իշխանության շուրջ որոշակի ժամանակահատվածով ևս որոշակի դրական մթնոլորտ ապահովել, քանի որ վերջին շրջափուլում ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը բացահայտ ձախողման է գնում՝ օրըստօրե կորցնելով հեղափոխական կապիտալը։ Նրա թիմակից-նախարարների, մարզպետների, Երևանի քաղաքապետի պաշտոնանկությունների հարցերն են դրվում, ոլորտային ձախողումների մասին են ահազանգում փորձագետները, քաղաքացիները բարձրաձայնում են իրենց չարդարացված սպասելիքների մասին… Բաց տեքստով Սերժ Սարգսյանի հասցեին նման գնահատականներ հնչեցնելով՝ Սուքիասյանը Նիկոլ Փաշինյանին ցմահ հավատարմության խոստում է տալիս։ Խոստում, որը ժամանակին նա տվել է Լևոն Տեր-Պետրոսյանին (ում օրոք կայացավ Սուքիասյանների բիզնես կայսրությունը, նրանք 90-ականների ՀՀ տնտեսական շուկայի բացահայտ մենատերերն էին և հիմնական խաղացողները)։
Զարմանալին այն է, որ պետության երբեմնի ղեկավարի հասցեին նման որակումներ է ներկայացնում մի մարդ, ով նրա կառավարման տարիներին բավական ակտիվ բիզնես գործունեություն է ծավալել և իրեն հարմար տարբերակներով տարբեր շինարարություններ ու բիզնես կենտրոններ կառուցել։ Այսօր հրեշտակային կերպարանքով նման գնահատականներ են հնչեցնում մարդիկ, ովքեր 20 տարի առաջ հանրության մոտ բիզնես գողացողի և սնանկացման հետ էին ասոցիացվում։
Այն հանգամանքը, որ տնտեսագետներն ու ոլորտի մասին հստակ պատկերացումներ ունեցող անձինք խոսում են տնտեսության բարդագույն վիճակի, ներդրումների բացակայության մասին, վկայում է իշխանության պատասխանատուների ապաշնորհ տնտեսական քաղաքականության մասին։ Իսկ Սուքիասյանի կողմից հնչեցվող բացահայտ պրոփաշինյանական սուբյեկտիվ գնահատականները լսելիս մարդու մոտ միայն մեղմ ժպտալու ցանկություն է առաջանում։ Մասնագիտությամբ ոչ տնտեսագետ Սուքիասյանն իր պատկերացումները լուրջ դեմքով մատուցում է հանրությանը՝ համոզելով, որ ներկայումս Հայաստանում իդեալական և կոմֆորտ պայմաններ են ստեղծված բիզնես միջավայրի համար։ Եվ վերջում՝ որպես աղանդեր․ ընկերությունից խոսում է մարդ, ում ամենամտերիմ ընկերը և ներկայիս վարչապետի բոլոր ժամանակների հոգևոր հայր Վանո Սիրադեղյանը դեռևս գտնվում է օտարության մեջ. «լավ մարդ» և «լավ ընկեր» գնահատականներ է հնչեցնում մի մարդ, ում հովանավորյալն արդեն մոտ երկու տարի իշխանության է, բայց «ընկերոջ» կյանքում փոփոխություն չկա։
Արթուր Գալստյան
Հ․Գ․ Ժողովուրդը մի հին ու լավ խոսք ունի, երբ ասում է՝ «Եզը որ ընկնում է՝ դանակավորները շատանում են»։