«ՍԴ դատավորներից ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուն ենք ցանկանում ներդնել». Բադասյանը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր հիմունքներով վաղաժամ ուղարկել թոշակի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Կառավարությունը հավանության էր արժանացրել «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որով նախատեսված է նաև ՍԴ դատավորներին կամավոր հիմունքներով ուղարկել վաղաժամ թաշակի:
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ իրենք առաջարկում են ՍԴ-ի մասին օրենքի 88-րդ հոդվածը լրացնել, ըստ որի՝ եթե ՍԴ դատավորը մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական կներկայացնի, ապա մինչև նրա պաշտոնավարման ժամկետի լրանալը նա ստանալու է կենսաթոշակ:
«Այս դրույթով, ըստ էության, Կառավարությունը հերթական նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ ՍԴ ճգնաժամը լուծելու համար: Կարգավորումները, որոնք մենք առաջարկում ենք՝ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և մենք ստացել ենք նրանց իրավական կարծիքը, որից հետո մենք որոշել ենք, որ վաղ կամավոր թոշակի անցնելու հատվածը պետք է ԱԺ բերենք առանձին օրենսդրական նախաձեռնությամբ»,- նշեց Ռ. Բադասյանը:
Ըստ նրա, նախագիծը մշակելիս ուսումնասիրել են միջազգային փորձը: Վկայակոչելով Վրաստանի օրինակը, նա շեշտեց, որ Վրաստանում Գերագույն դատարանի դատավորներին իրավունք է տրվել հրաժարական ներկայացնելուց հետո ցմահ ստանալ աշխատավարձ՝ իրենց այդ ժամանակվա աշխատավարձի չափով, նույնը եղել է ՌԴ-ում, Ուկրաինայում:
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ սա ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հավելյալ քայլ է: Հասարակությունը ցածր վստահություն ունի ՍԴ-ի նկատմամբ և այս հարցը լուծելու համար անձնաց վիրավորելու՝ այդ նախագծով թող այդպես չընկալվի, նրանցից ուղղակի ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուն ենք ցանկանում ներդնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Զվարթ Խաչատրյան