
«Վարչապետ Փաշինյանը շատ հստակ նշել է, թե ինչ գործնական նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումն այս գործընթացի մեջ». Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելը գործնական տեսանկյունից արդյունավետ չի համարում: Այս մասին նախարարն ասաց նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:
«Վարչապետ Փաշինյանը շատ հստակ նշել է, թե ինչ գործնական նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումն այս գործընթացի մեջ, որովհետև հարցը վերաբերում է իրենց, և, իրականում, ես էլ եմ առիթ ունեցել ասելու, որ նման պայմաններում` այս անբնական պայմաններում, մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել: Ես Արցախի իմ գործընկերոջ` Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ, և դուք գիտեք, որ անձամբ ես, և բոլոր մյուսներն, ովքեր այս գործընթացի մեջ են, բավական մեծ ժամանակ ենք անցկացնում Արցախում, մշտապես կապի մեջ ենք, և ինչ-որ չափով դա բանակցային գործընթաց է նաև Արցախի հետ, և սա գործնական առումով արդյունավետ չէ: Արցախի լիարժեք ներգրավումն ուղղակի գործնական նշանակություն ունի այս գործընթացի համար: Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որն ընդունվել է, և արտահայտվել է տարբեր առիթներով»,- ասաց Մնացականյանը: