Բաժիններ՝

«Նվազագույն սպառողական զամբյուղի սննդամթերքի գնաճի միտումներ կան». տնտեսագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի՝ 2019-ի հոկտեմբերին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի համաշխարհային գներն աճել են 6 տոկոսով, իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ նման թվեր հրապարակելիս շատ կարևոր է նշել, թե հատկապես ո՞ր ապրանքների գնաճի մասին է խոսքը:

«Սպառողական գների ինդեքսն իր մեջ ներառում է մոտ 500 ապրանքատեսակ, և դրանց միջինացված գներն են մեզ ներկայացվում, այդ դեպքում բնական է, որ  ապրանքների մի մասի գները բարձրանում են, մյուս մասինը՝ իջնում:

Միանշանակ չենք կարող ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Իմ խորին համոզմամբ՝ մեզ պետք է առաջին հերթին մտահոգեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումները, և եթե այս մասում ունենք ավելի համեստ գնաճ, այսինքն՝ եթե նշված 0.1 տոկոսը վերաբերում է սպառողական ապրանքերի այն մասին, որը կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ է մտնում, ապա դա շատ լավ ցուցանիշ է, բայց ես կարծում եմ, որ սա խիստ միջինացված է, և այդ թվերով մենք չենք կարող ասել, թե դրանց մեջ քանի՞ տոկոս կազմեցին լայն սպառման ապրանքների կամ սննդամթերքի գները, և որքա՞ն՝ մոլիբդենի, ածուխի կամ  ավտոմեքենաների գները»,- ասաց տնտեսագետը:

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի սննդամթերքի գնաճի միտումներ տնտեսագետը նկատել է, միևնույն ժամանակ, կան որոշ ապրանքներ, որոնց գները, ըստ նրա՝ նվազել են, և դա կոմպենսացնում է գնաճը:

Վարչապետը պնդմամբ՝ գների ընդամենը 0.1 տոկոսով բարձրացումը պայմանավորված է տնտեսական մրցակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը համեմատություն է արել «նախկինի» հետ՝ ասելով, որ «Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր, ասենք, 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս»:

Թաթուլ Մանասերյանը վստահեցնում է՝ գների տատանումները միանշանակ երևույթներ չեն, և պարտադիր չէ, որ, եթե աշխարհում գները բարձրանում են, բարձրանան նաև Հայաստանում, և հակառակը, եթե իջնում են, իջնեն նաև մեզ մոտ:

«Եթե վերցնենք, օրինակ, ալյուրի գները, ապա համաշխարհային շուկայում գների տատանումներն ուղղակի առիթ էին, որ թանկանա նաև Հայաստանում արտադրված ալյուրի գինը, որը տնտեսվարողը կարող էր ստանալ Շիրակի մարզում, Սյունիքում,  Վայոց ձորում և այլն: Տնտեսվարողները միջինացնում են և ասում՝  տեսեք՝ միջազգայինում այսքան թանկացել է, մեզ մոտ էլ պետք է թանկանա:
Դա այդքան պարզունակ հավասարում չէ, պետք է տեսնենք՝ մենք այդ ապրանքատեսակն ունե՞նք Հայաստանում, թե՞ ոչ, դրա վրա ինքնարժեքի աճ ունե՞նք, թե՞ ոչ, դրանից հետո նոր կարող ենք համարձակ համեմատություն կատարել»,- եզրակացրեց տնտեսագետը:

Վարչապետն իր գրառման մեջ նշել է նաև, որ այս տարվա սեպտեմբերին՝ անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել, «այսինքն՝ այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով»:

Իսկ ինչո՞ւ է վարչապետը համեմատում սեպտեմբերը դեկտեմբերի հետ, երբ Հայաստանում գների բարձրացում է լինում՝ կապված ամանորի հետ:

Այս առնչությամբ տնտեսագետ Մանասերյանն ասաց. «Վարչապետը ինքն է որոշում, թե որ ամիսը որի հետ համեմատի, եթե իրեն այդ թվերն են հարմար, ինքը դա է ներկայացնում: Վիճակագիրները հիմնականում համադրելի ժամանակահատվածներն են ներկայացնում, այսինքն՝ տարվա սկիզբը՝ տարվա սկզբի հետ, վերջը՝ վերջի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ դինամիկա է եղել: Եթե տարբեր ամիսներ են համեմատվում, պետք է նաև բացատրել թե ինչո՞ւ:  Կառավարության տնտեսական բլոկը պետք է որոշ մանրամասներ ներկայացնի»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս