Բակո Սահակյան շնորհավորել է ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգևներ հանձնել մի խումբ ծառայողների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգեւներ հանձնել մի խումբ ծառայողների:
«Ուզում եմ մեկ անգամ եւս արժեւորել այն բարդ ու կարեւոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության եւ պետության շահերը, հետեւողական պայքար մղելով հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարեւոր է մեր պետության եւ քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: