
Կենտրոնական բանկը մարտահրավեր է համարում սպառողի կողմից վարկը որպես պարտավորություն չընկալելը

ՀՀ կենտրոնական բանկը մարտահրավեր է համարում այն, որ սպառողը վարկն ընկալում է որպես փող, այլ ոչ թե պարտավորություն: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
«Մարտահրավերներից որոշներն իրենց բնույթով միայն հայկական չեն, այսինքն՝ դրանք բնորոշ են նաև շատ այլ երկրների: Օրինակ՝ դրանցից մեկը, որի հետ շարունակաբար բախվում ենք, սպառող վարքագծային ընկալումն է առ այն, որ վարկավորումը միայն ֆինանսական կազմակերպության և պետության տիրույթում է, և ինքը՝ սպառողը, պատասխանատվություն չի կրում այդ պարտավորության դիմաց: Եթե կարճ ասենք՝ վարկը դիտվում է որպես փող, և ոչ թե պարտավորություն: Սպառողը ներկային հաճախ ավելի մեծ կարևորություն է տալիս, քան՝ ապագային և դրա արդյունքում, օրինակ, նախընտրում է սպառել այսօր, քան խնայել երկարաժամկետում: Մենք տեսնում ենք նաև, որ սպառողը վարկային միջոցները հաճախ ծախսում է ոչ նպատակային»,- ասաց Մկրտչյանը: