«Գնաճի արդյունքում քաղաքացիների կենսամակարդակը նվազելու է». տնտեսագետ
Հունվարի 1-ից կթանկանա 699 անուն ապրանք: Սա կապված է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների հետ, որին Հայաստանը միացել է 2014-ին: 2020թ.-ից երրորդ երկրից ներմուծվող մսի, ձեթի, հացահատիկի, դեղորայքի և այլ ապրանքների մաքսատուրքերը, հետևաբար՝ նաև գները կբարձրանան, ինչը, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի պնդմամբ, անխուսափելի է և կհանգեցնի սոցիալական խնդիրների բարձրացմանը:
«Մեծ հաշվով, դա օբյեկտիվ հանգամանք է, այդտեղ մենք առանձնակի անելու բան չունենք, գներն օբյեկտիվորեն են բարձրանում, բայց դա բացասաբար է անդրադառնալու բնակչության կենսամակարդակի վրա»:
Ըստ տնտեսագետի՝ բիզնեսի ակտիվության տեսանկյունից գնաճը կարող է դրական ազդեցություն ունենալ, տնտեսությունը կակտիվանա:
«Խոսքը վերաբերում է տարեկան 4-5 տոկոս գնաճին, դա տնտեսական ակտիվությունը կարող է խթանել, բայց մյուս կողմից՝ սոցիալական խնդիրներ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ միջին աշխատավարձը շարունակում է ցածր մնալ, որտեղ ամեն 3-րդ մարդ աղքատ է, գնաճը, բնականաբար, բնակչության ոչ ապահով խավի գրպանին է խփելու, ինչի արդյունքում կենսամակարդակը նվազելու է»:
Այն հանգամանքը, որ հունվարի 1-ից եկամտահարկը համահարթեցվելու է, դառանալով բոլորի համար 23 տոկոս, ըստ Կառլեն Խաչատրյանի՝ գնաճի համար մեղմացուցիչ հանգամանք լինել չի կարող:
«Եկամտահարկի համահարթեցումը, երբ ֆիքսվում է բոլորի համար 23 տոկոս, վերաբերում է 150 հազար դրամից ավելի բարձր աշխատավարձ ստացող անձանց, ավելի ցածր ստացողների համար որևէ փոփոխություն չի ենթադրում: 150 հազարից բարձր ստացողները տնտեսում կունենան հարկի տեսքով, այսինքն իրենց տնօրինելի եկամուտը կբարձրանա, բայց եկեք ընդունենք, որ սոցիալական խնդիրներ առավելապես ունեն մինչև 150 հազար ստացող մարդիկ, հետևաբար՝ ստացվում է , որ նրանց համար եկամտահարկի դրույքաչափը չի փոխվում, ու բարձրանում են ապրանքներ գները, հասկանալի է, որ իրենց մոտ խնդիր է առաջանալու»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նաև հայտնել էր, որ մաքսատուրքի բարձրացմամբ պայմանավորված՝ ընդհանուր գնաճի վրա կազդի միայն 0.5-0.6 տոկոսով: Խոստացել են՝ 3 տոկոսից ավելի գնաճ չի սպասվում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ