«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն իններորդն է. հաղթեց Լեհաստանը
«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը «Superhero» երգով:
Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանը, որը կատարեց «Colours Of Your Dream» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 22-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը վաստակեց 115 միավոր:
Կարինան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 14-րդ մասնակիցն է:
Մրցույթն անցկացվեց «Կիսենք ուրախությունը» (Share the Joy) նշանաբանի ներքո: Մասնակցեցին Հայաստանը, Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Նիդերլանդները, Ուկրաինան և Ուելսը:
Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է: