
«Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին է. փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերելակների թեմային` տեղեկացնելով, որ տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են: Նա նշել է, որ փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա:
«Արդեն գործնականում սկսել է երևանյան վերելակների փոխարինման գործընթացը: Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են:
Վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:
Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին է: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով»,- գրել է նա: