«Հնարավոր է, օրինակ, 100.000 դոլար ներդնելով՝ 350.000 դոլար աշխատել». ARLOOPA-ն նոր նախագիծ է սկսում

«Թեպետ շատ դեպքերում պայքարում ենք, որպեսզի երեխաները շատ չզբաղվեն սմարթֆոններով, բայց դրանք կարող են օգուտ տալ՝ վնասի փոխարեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց X-TECH ընկերության տնօրեն, ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը՝ ընդգծելով, որ հենց այս ուղղությամբ էլ իրենք աշխատում են: ARLOOPA հավելվածն այսօր ունի 150 հազարից ավելի ներբեռնում:

«AR(Augmented Reality-լրացված իրականություն) և VR (Virtual Reality-վիրտուալ իրականություն) տեխնոլոգիաները հեղափոխական են, որոնք քայլ-քայլ մտնում են մեր կյանք և օգնում լուծել տարբեր տեսակի խնդիրներ: Ամենամեծ և կարևոր խնդիրները, օրինակ՝ ուղղված են կրթության, մշակույթի ներկայացմանն ու հանրահռչակմանը և տուրիզմի զարգացմանը: Հիմա պիլոտային մի պրոյեկտով սկսել ենք համագործակցել «Անտարեսի» և ԿԳՄՍ նախարարության հետ՝ գրքերի մեջ AR-ները կիրառելու համար: Պատկերացնենք՝ ֆիզիկայի կամ քիմիայի դասագիրք, որի մեջ երեխաները կարող են վիզուալ տեսնել տարբեր տեսակի փորձեր, ֆիզիկական կամ քիմիական երևույթներ, ինչն ավելի հետաքրքիր ու պարզ է դարձնում այդ պրոցեսները: Դրա համար պետք է սմարթֆոնում ունենալ հավելված, որը ճանաչում է գրքի էջը և այդտեղ տեղադրում վիրտուալ օբյեկտ, կամ դա տեղի է ունենում մեր միջավայրում, այսինքն՝ հավելվածից ընտրում եք, օրինակ՝ Երկիր մոլորակը և դա ցանկացած մեծության դնում ձեր սենյակում»,- պարզաբանեց Արման Աթոյանը:

ARLOOPA-ի համահիմնադրի խոսքով՝ անընդհատ հաղորդագրություններ են ստանում բովանդակությունը թարմացնելու խնդրանքով. «Բովանդակությունն ամենաթանկ բաներից է, որովհետև կա բովանդակություն, որի ստեղծումը տևում է ամիսներ, այսինքն՝ բավականին ծանր աշխատանք է: Մենք պատկերացնում ենք, որ պետք է ստեղծենք բովանդակություն՝ օգտագործելով այն գիտելիքը, այն փորձը, որ մենք ունենք Հայաստանում, և փորձենք դա արտահանել: Պատկերացրեք՝ մի հավելվածի միջից մարդիկ կարող են ձեռք բերել թվային բովանդակությունը՝ որպես թվային ապրանք: Մեր նոր մոդելն այն է, որ մարդիկ կարող են ինքնուրույն բովանդակություն ստեղծել և վաճառել թվային խանութում: Դա կարող է լինել մեր նոր սերունդը, որոնք ապրում են, օրինակ, մարզերում, բայց հաճախում են «Արմաթ» լաբորատորիաներ, «Թումո» կենտրոններ և կարող են բովանդակություն ստեղծել»:

Ներկայացրածն ավելի պատկերավոր դարձնելու համար Արման Աթոյանը բերեց հետևյալ օրինակը. «Հիմա անընդհատ խոսում ենք տուրիզմի զարգացումից, իսկ դրա համար պետք է գիդերի պակաս չունենալ, այսինքն՝ եթե այցելությունները մեր երկիր շատանան, տարբեր լեզուներով խոսող գիդերի անհրաժեշտություն է լինելու: Մեր լուծումը հետևյալն է՝ քաղաքի 50 կետերում կարող է լինել վիրտուալ գիդ, որը, օրինակ՝ չինարենով կարող է տուրիստներին պատմել տվյալ հատվածի մասին: Դա վաճառվող ապրանքի օրինակ է, բայց դա սարքելը բավականին ժամանակ և ռեսուրս է պահանջելու: Դրա համար ներդրումային մասը հասանելի է լինելու ցանկացած մարդու: Մենք պրոյեկտը ներկայացնելու ենք մեր կայքում, ասելու ենք, որ գիդ սարքելու համար հարկավոր է այսքան ռեսուրս ծախսել, և ցանկացած մարդ կարող է դա գնել: Վաճառվելու դեպքում ներդրողը ստանում է դրա 70 տոկոսը:

Կարդացեք նաև

Գաղափարները կարող են լինել այն մարդկանցը, որոնք ուզում են ներդրում անել: Մենք ունենք որոշակի գաղափարներ, օրինակ՝ «Զվարթնոց» տաճարի վերականգնումը մեր հաջորդ տարվա գործերի ցանկում է. ցանկացած զբոսաշրջիկ, լինելով «Զվարթնոցի» մոտ, կարող է հավելվածով տեսնել, թե ինչպիսին է այն եղել: Բնականաբար, կից աուդիոգիդով հնարավոր է լսել ամբողջ պատմությունը: Հիմա, թե այս նախագիծն ինչքան մանրամասն պետք է լինի, պատվիրատուի հետ կարելի է քննարկել: Գինը կշատանա կամ կքչանա՝ կախված նրանից, թե ինչքան դետալներ են ներգրավվելու դրա մեջ»:

Մեկ վիրտուալ կերպարի ներդրման արժեքը, նրա խոսքով՝ մոտ 2000 դոլար է. «Մեկ խոսող կամ նվագող կերպար ստանալու վրա աշխատում է 3 հոգի, աշխատանքը տևում է մոտ 2 ամիս: Հիմա, ենթադրենք, ուզում ենք ստեղծել բոլոր հայ ֆիդայիների կերպարները՝ իրենց մասին ինֆորմացիայով: Եթե, օրինակ՝ 50 կերպար ենք ստեղծում, դա մոտ 100 հազար դոլարի ծախս է ենթադրում: Եթե վերցնենք, որ կարող ենք ունենալ 100 հազարից ավելի պոտենցիալ գնորդ, ու այդ փաթեթի արժեքը հավելվածում լինի 5 դոլար, որի մեջ մտնում են այդ բոլոր կերպարները, կստացվի 500 հազար դոլարի վերադարձ, որի 70 տոկոսը ներդրողինն է: Եթե մեկ տարում հնարավոր լինի դա աշխատել, ապա կհասկանանք, որ շատ եկամտաբեր բիզնես է, այսինքն՝ հնարավոր է 100 հազար դոլար ներդնելով՝ 350 հազար դոլար աշխատել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս