ԱՄՆ Սենատում Ցեղասպանության ճանաչման բանաձևի շուրջ գործընթացները կերկարաձգվեն

Էրդողան-Թրամփ բանակցություններից հետո ԱՄՆ Սենատում արշավ է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն Լինդսի Գրեհեմից հետո երկրորդ սենատորն է, ով դեմ է հանդես գալիս Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությանը: Թիվ 150 բանաձևը բովանդակությամբ նման է հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 պատմական բանաձևին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Դևիդ Փերդյուի կարծիքով՝ ներկայումս նման օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ, քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը:

Իր հերթին՝ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ շարունակելու է բարձրացնել այս հարցը Սենատում: «Կարծում եմ՝ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը, և ով՝ ոչ: Ես չեմ նահանջելու։ Որովհետև պատմությունն է պահանջում դա»,- ասել է Մենենդեսը:

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, ի տարբերություն Դևիդ Փերդյուի, Սենատում վետո կիրառեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում: Հարկ է նշել, որ, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի Վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել բանաձևը քվեարկության դնելու նախաձեռնությունը:

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադարձավ թուրք-ամերիկյան բանակցություններին, Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության հետ դրանց առնչությանը և այդ ուղղությամբ հայկական դիվանագիտության ու ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների քաղաքականությանը:

– Պարոն Չաքրյան, ինչպե՞ս եք գնահատում թուրք-ամերիկյան վերջին բանակցությունների արդյունքը: Ըստ Ձեզ՝ հաջողվե՞ց համաձայնության գալ երկկողմ հարաբերությունների ամենասուր հարցերի շուրջ:

– Էրդողանն ԱՄՆ՝ Թրամփի հետ հանդիպման էր մեկնել հիմնականում մի քանի ուղղություններով թուրքական քաղաքականության հարցում հավանություն ստանալու համար: Առաջինը՝ Էրդողանը ցանկանում էր ԱՄՆ-ից հավանություն ստանալ Սիրիայի քրդական ուժերի դեմ պայքարի հարցում: Երկրորդը՝ Էրդողանը խնդրում էր Թրամփից, որպեսզի վերջինս հորդորի ԵՄ-ին ֆինանսապես աջակցել Թուրքիային քուրդ փախստականներին Սիրիա տեղափոխելու, բնակարաններ կառուցելու ծախսերը հոգալու հարցում: Երրորդը՝ Էրդողանը ցանկանում էր ընդլայնել Սիրիայում հյուսիսում ձևավորված անվտանգ գոտու սահմանները, դրա երկարությունը Թելաբյադից մինչև Ռաս ալ-Այն Էր, նա ցանկանում էր ընդլայնել Իրաքի սահմանից մինչև Ջարաբլուս՝ 480 կիլոմետր երկարություն: Թրամփը վերոնշյալ բոլոր հարցերում մերժել էր Էրդողանին, նշել էր, որ քրդական ուժերի հետ սերտորեն համագործակցում է, պահանջել էր, որ փախստականները մնան Թուրքիայում, ինտեգրվեն թուրքական հասարակությանը, քաղաքացիություն ստանան, Էրդողանը չպետք է նրանց բռնի կերպով վերադարձնի Սիրիա, փախստականները կամավոր չեն ցանկանում վերադառնալ, որովհետև առնչություններ են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ՝ «Իսլամական պետության» կամ Ալ-Նուսրայի հետ, փախստական կանանց ամուսիններն էլ մեծ  մասամբ կռվել են այս ահաբեկչական խմբավորումների կազմում՝ ընդդեմ Ասադի իշխանությունների, ուստի կա վախ, որ վերադառնալու դեպքում կձերբակալվեն: Էրդողանը, ըստ իս, ոչինչ չստացավ: Ամերիկյան կողմը պահանջեց հրաժարվել ռուսական S 400-ներից, այլապես պատժամիջոցները կկիրառվեն, թեև պատժամիջոցները կիրառվելու դեպքում ոչինչ են Էրդողանի համար, նրա համար կարևոր է իր ընտանիքի ու ունեցվածքի հարցը: Էրդողանը մամուլի ասուլիսում ևս ասաց, որ այդ հարցը երկխոսության միջոցով են լուծելու:

– Ի՞նչ լուծումներ են հնարավոր, գործարքն արդեն կայացած է:

– Պոմպեոյի և Չավուշօղլուի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, այդ հանձնաժողովում պետք է քննարկվի, թե ինչ է պետք անել, համակարգերը միասին արժեն 2,5 միլիարդ դոլար, 1,1 միլիարդը մուծել էին նախապես, մնացած գումարը մաս առ մաս մուծում են, վերադարձնել չեն կարող, ՌԴ-ն ետ չի վերցնում, երրորդ երկրի վաճառել չեն կարող, քանի որ նման ռազմավարական զենքի վաճառքի դեպքում պայմանագրում նշվում է, որ չկա թույլտվություն երրորդ երկրի վաճառելու: Մնում է պահեստավորել, չգործարկել գոնե: Երևի հենց սա էլ կորոշվի:

Թուրքական ընդդիմությունը վերջին օրերին հենց այդ հարցն է քննարկում, որ Էրդողանը գնաց ԱՄՆ, խայտառակ եղավ և ետ եկավ: Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան մեծ երաշխիքներ է տվել՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցված են և չեն սկսվելու, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում այս ուղղությամբ Թուրքիան ոչինչ չի ստացել:

– Նշում եք, որ Թուրքիայի տեսանկյունից բարենպաստ բանակցություններ չեն եղել, սակայն ԱՄՆ սենատորները փորձում են խոչընդոտել Ներկայացուցիչների պալատում հաստատված Ցեղասպանության ճանաչման համանման բանաձևի քվեարկությանը Սենատում: Սա ինչո՞վ եք բացատրում:

– Բանաձևն օրակարգից չի հանվել, չի կասեցվել, փորձում են կասեցնել, բայց մի փոքր էլ, ըստ էության, պետք է սպասել, քանի որ Պուտինը հունվարին պետք է այցելի Անկարա, և այդ արդյունքներին պետք է սպասել, քանի որ գլխավոր նախապայմանը, որ Թրամփը դրել էր Էրդողանի առջև՝ հրաժարվել S-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Ընդ որում, պետք է քվեարկության դրվեր Հայոց ցեղասպանության բանաձևն ու Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծը նոյեմբերի 13-ին, սակայն Թրամփը երեք սենատորներին, այդ թվում՝ Գրեհեմին, հրավիրում է Սպիտակ տուն, և առանձնազրույցից հետո թուրքական հեռուստատեսությամբ ասել էին, որ սենատորների մամուլի ասուլիսը մեկ ժամ ուշացումով տեղի ունեցավ, ուշացման պատճառն էլ այն էր, որ Էրդողանը նստել էր սենատորների առջև և պատասխանել նրանց հարցերին: Այդ հարցերին էրդողանի պատասխանները հավանաբար հավանության են արժանացել սենատորների կողմից, որից հետո Գրեհեմը Սենատ էր շտապել և վետո դրել բանաձևի հարցում:

Հիմնականում Էրդողանին հետաքրքրում էր այդ պատժամիջոցների օրինագիծը, որովհետև այնտեղ 11-րդ հոդվածում նախատեսվում է ուսումնասիրել էրդողանի, նրա տիկնոջ, երկու դուստրերի և երկու որդիների ունեցվածքը, հաշիվները, զեկուցել իշխանություններին, որպեսզի սառեցվեն հաշիվները, գործարքների հնարավորությունը սահմանափակվի, անշարժ գույքի մասին էլ էր խոսքը գնում: Հիմնականում դա էր հետաքրքրում Էրդողանին և հենց այդ պատճառով էր նա ԱՄՆ մեկնելիս շփոթված: Բայց քվեարկության հետաձգումից մի փոքր հանգստացել էր, քանի որ խայտառակ էր լինելու ողջ աշխարհում: Ի դեպ, Ներկայացուցիչների պալատի բանաձևը չափազանց հագեցած ու հիմնավոր էր, շատ լուրջ բանաձև էր: Այնտեղ ԱՄՆ նախագահից պահանջում են պայքարել ԱՄՆ ժխտողականության դրսևորումների դեմ և նպաստել, որ աշխարհը ճիշտ ընկալի 1915 թվականի իրադարձությունները և բնութագրի՝ որպես Ցեղասպանություն:

– Պարոն Չաքրյան, ամեն անգամ ականատես ենք դառնում, թե ինչպես է Հայաստանի համար այս ցավալի պատմական էջը շահարկվում, դառնում մանրադրամ ԱՄՄ-Թուրքիա հարաբերություններում: Ինչպե՞ս աշխատել այս ուղղությամբ, ինչպիսի՞ քաղաքականություն է պետք մշակել, որ այս հարցը չօգտագործվի երրորդ երկրների կողմից:

– Ես չեմ կարծում, որ մանրադրամ է դարձել: Այն փաստը, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է նման բանաձև, Ներկայացուցիչների պալատը խորհրդարանն է ըստ էության, մյուսը՝ Սենատը, նշանակում է, որ Ցեղասպանությունն ԱՄՆ-ում ճանաչվեց խորհրդարանի մակարդակով, դա առավելություն է: Ինչ վերաբերում է Սենատին, ապա Հայաստանը չի կարող ազդել, նրա կարողություններից վեր է Սենատի վրա ազդելը, Սփյուռքի կառույցների՝ առավել ևս: Ներկայացուցիչների պալատը ևս, չեմ կարծում, որ ճանաչեց Սփյուռքի կառույցների ջանքերով, որովհետև նրանք 100 տարի պայքարում են այդ հարցի ճանաչման համար, սակայն արդյունքը 0 էր:

Իմ կարծիքն այն է, որ այս հարցի ընդունումը Կոնգրեսում հասունացել էր, քանի որ ԱՄՆ ավելի քան 49 նահանգ ճանաչել էր Ցեղասպանությունը: Բացի այն, որ բարենպաստ միջավայր էր Թուրքիայի հարձակումը Սիրիայի Հյուսիսում:

– Այսինքն՝ որևէ լծակ չունի՞ Հայաստանը:

– Այնտեղ պետք է կողմնորոշվի դեսպանատունը՝ տարբեր հանդիպումների միջոցով սենատորների, կոնգրեսականների հետ աշխատելով, խորհրդակցի և գուցե հնարավոր լինի քայլեր ձեռնարկել՝ արագացնելով գործընթացները:

Տեսանյութեր

Լրահոս