Բաժիններ՝

Վրաստանի նախագահի բացասական վարկանիշը 70 տոկոս է. IRI-ի հարցում

Վրաստանի քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ բացասական վարկանիշն ունի մեկ տարի առաջ այդ պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին. 70 տոկոսը նրան բացասական գնահատական է տալիս եւ միայն 23 տոկոսը՝ դրական:

Սրանք են այն հարցման արդյունքները, որը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացրել է IRI (International Republican Institute, Միջազգային հանրապետական ինստիտուտ) հեղինակավոր ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Հետազոտության մասնակիցներին ընթերցել են Վրաստանի քաղաքական գործիչների եւ հանրային անձանց անունները: Նրանք պետք է նրանց նկատմամբ իրենց վերաբերմունքը հայտնեին «դրական», «բացասական», «նրա մասին չեմ լսել» կամ «դժվարանում եմ պատասխանել» պատասխաններով:

Ինչպես պարզվել է, նախագահից հետո երկրորդ բավականին բարձր բացասական վարկանիշն արձանագրել է «Գիրչի» ծայրահեղ լիբերալ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն. հարցվածների 66 տոկոսը բացասական գնահատական է տվել նրան, եւ միայն 14 տոկոսը՝ դրական: Բացասական վարկանիշի երրորդ դիրքում «Վրացական երազանք» կառավարող կուսակցության առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է. նրան 57 տոկոսն է բացասական գնահատական տալիս, 32 տոկոսը՝ դրական: Բացասական վարկանիշի միանման ցուցանիշ ունեն ընդդիմության երեք քաղաքական գործիչներ. հարցվածների 59 տոկոսը բացասաբար է գնահատում «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլիին, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային: Ընդ որում Ուգուլավայի եւ Բուրջանաձեի դրական վարկանիշը կազմում է 31 տոկոս, Ինաշվիլիինը՝ 29 տոկոս:

Բնակչության դրական վերաբերմունքի տեսակետից ամենաբարձր վարկանիշն ունի «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն՝ 57 տոկոս դրական արձագանք, 36 տոկոս՝ բացասական: Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեի նկատմամբ դրական արձագանքները՝ 49 տոկոս են, բացասականները՝ 42 տոկոս: Համանման ցուցանիշներ ունի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Կառուցման շարժման» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին՝ դրական՝ 47 տոկոս, բացասական՝ 41 տոկոս:

Բացասական վարկանիշը գերակշռող է«Միավորված ընդդիմության» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի վերաբերմամբ. 41 տոկոսը նրա նկատմամբ դրական վերաբերմունք ունի, 50 տոկոսը՝ բացասական: Հասարակական համակրանքի տեսակետից էլ ավելի վատ են վերջերս երկրի վարչապետ նշանակված Գեորգի Գախարիայի գործերը. 39 տոկոսը նրան դրական գնահատական է տալիս, 59 տոկոսը՝ բացասական: Հարցման արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 18-ին: Հետազոտությունը IRI-ի պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ անցկացվել է սեպտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում: Աշխատանքներն իրականացրել է Baltic Surveys/The Gallup Organization ընկերությունը: Երկրի տարածքում հարցմանը մասնակցել է 1500 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է +/- 2,5 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս