Բաժիններ՝

«Շտապում են, որ ի՞նչ անեն». ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրենը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հեղինակները, կարծում եմ,  պետք է հաշվի առնեն հանրության կարծիքը, բայց կարծես թե շտապում են: Շտապում են, որ ի՞նչ անեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

«Լեզվի մասին օրենքի երկրորդ կետով նշված է, որ բուհական, միջին մասնագիտական հաստատություններ ընդունվելիս պարտադիր է հայոց լեզվից քննությունը և դա այս իշխանությունների ձեռքբերումը չէ:

Լեզվի մասին օրենքում արդեն գրված է, որ հայոց լեզվից քննությունը պարտադիր է: Օրենքում գրված է նաև այն, որ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է բարձրագույն ուսումնական հաստատություններում:  Եվ, եթե այս նոր նախագծում չեն ցանկանում ամրագրել, որ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է,  ապա գործողության մեջ է Լեզվի մասին օրենքը: Ըստ  երևույթին՝ հաջորդ քայլը լինելու է Լեզվի մասին օրենքի փոփոխությունը»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է այն բացատրութանը, թե  չեն պարտադրում և առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասավանդելը թողնում են բուհերի հայեցողությանը, ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրենը նկատեց.

«Դասախոսական կազմին ասում են՝ դուք գնացե՛ք, համոզեք:  Սա պետական կարևորության խնդիր է, ինչո՞ւ  պետք է որևէ մեկն իր արժեքները հաստատելու համար գնա և ինչ-որ մեկին համոզի: Որտե՞ղ է պետությունը, որը Լեզվի մասին օրենքով իր ասելիքն արդեն հայտնել է: Գնանք ո՞ւմ համոզենք, ինչո՞ւ համոզենք:

Ակնհայտ է, որ պետք է կատարվեին փոփոխություններ, բայց այստեղ էլ երբեմն ծայրահեղ ձևակերպումների մեջ ենք ընկնում, սկսում ենք փնովել մեր կրթական, գիտական համակարգը: Եթե այցելեք ԳԱԱ ինստուտներ, կտեսնեք, որ մարդիկ այնտեղ իսկապես աշխատում են: Գիտանականի աշխատանքը ոչ հողագործի, ոչ էլ հաստոցի մոտ կանգնած վարպետի աշխատանք է: Մտավոր աշխատանք է, ուղեղն է աշխատում»:

Վիկտոր Կատվալյանի կարծիքով՝ լավ կլիներ նախ մասնագետների հետ քննարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:  «Ես առաջարկում եմ ակադեմիական, բուհական համակարգի վերաբերյալ հարցերը քննարկել նրանց հետ, ում այն վերաբերում է: Մեզ հետաքրքրիր չէ, թե ի՞նչ է ասում Համաշխարհային բանկի փորձագետը, մեզ հետաքրքիր է, թե դուք ի՞նչ եք ասում և ի՞նչ եք նախատեսում մեզ համար: Եկեք հաստատություններ, տեղում քննարկենք՝ գիտխորհրդի ընդլայնված նիստ հրավիրենք»,-խոսքն ուղղելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին՝ ասաց Լեզվի ինստիտուտի տնօրենը

Նախարարի խորհրդականն էլ ընդունեց առաջարկը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս