Բաժիններ՝

Ագաթանգեղոսի փողոցում, օրը ցերեկով, կնոջ պայուսակից բջջային հեռախոս էին գողացել

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության երկու դեպք բացահայտվեց:

Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր նոյեմբերի 15-ին: Կեսգիշերին մոտ մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գողացել են դստեր բջջային հեռախոսը:

Մյուս դեպքը նոյեմբերի 16-ին էր եղել: Ագաթանգեղոսի փողոցում, օրը ցերեկով, մի կնոջ պայուսակից դարձյալ գողացել էին բջջային հեռախոսը:
Ձեռագիրը նույնն էր:

Հաղորդումները ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, և հենց մասնագիտացված ստորաբաժանման հմուտ գործողությունների շնորհիվ վերջին հաղորդումից ժամեր անց գրպանահատը հայտնաբերվեց:
Ժամը 17.30-ին քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ երկու գողությունն էլ ինքն է արել:
Բջջային հեռախոսները հայտնաբերվել են:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս