«Բյուջեի այս նախագիծը թերի է». Սերգեյ Բագրատյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ 2020 թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որն իրենց խմբակցությունը, որպես ռազմավարական ծրագիր՝ ներկայացրել էր հանրությանը:
«Այն նախագիծը, որը ներկայացրել է իշխող քաղաքական ուժը, բազմաթիվ ոլորտներում խնդրահարույց է, որը մենք մատնանշել ենք թվերով: Նշել էինք բոլոր այն կետերը, որոնք թերի են, հատկապես՝ այլ ծախսերի մասով բացվածքներ տրված չեն, և մենք համարում ենք, որ այդ նախագիծը թերի է: Իսկ բյուջեի մասին օրենքն այնպիսին է, ինչպես մյուս օրենքները, այսինքն՝ հստակությունը պետք է լինի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նա նաև ընդգծեց, որ բացի այն, որ համաձայն չեն բյուջեի այս նախագծին, այլև առաջարկներ են ներկայացրել: Ավելին, քաղաքագիտական իմաստով ճիշտ է, որ ընդդիմությունը չի կարող իշխանության քաղաքական կուրսի հետ համաձայնել:
«Ի վերջո, մենք քաղաքական վեճ ունենք, որն արտահայտվում է տնտեսության ցուցիչով: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն ցուցումներ է ստանում, պետք է ասեմ, որ մենք որևէ ցուցում էլ չենք ստանում, ԲՀԿ-ն ինքնաբավ ուժ է և ունի իր հստակ ծրագիրը, հատկապես՝ տնտեսության զարգացման մասով»,- շեշտեց նա:
Անդրադառնալով ամանորյա տոնակատարությունների համար հատկացված 300 մլն դրամին և այն հանգամանքին, որ բոլոր ծառայությունները մատուցելու է մեկ ընկերություն, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ տնտեսությունում, գնումների մեջ պետք է լինի ազատ մրցակցություն:
«Երբեք կողմ չենք եղել և չենք լինելու մեկ մարդուց գնումներին, անպայման առաջարկելու ենք, որ նման բաներն անպայման մրցույթով ու նպատակային լինեն»,- ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին:
Զվարթ Խաչատրյան