Բաժիններ՝

«Վրաստանը հարկավոր է փրկել». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով է նայում ապագային։

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել էր օրինագիծը: Դա առաջ է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը:

Ընդդիմադիր բոլոր ուժերի ղեկավարները խորդակցություններ են անցկացրել եւ հանդես են եկել միասնական պահանջով՝ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով եւ նշանակել անցումային կառավարություն:

«Անշուշտ, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր է փրկել»,- ասել է Սահակաշվիլին «Փիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նա հավելել է, որ կարեւոր է համարում բողոքները երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը եւ ակցիաները շարունակելը: Ներկայում խորհրդարանի շենքի առջեւ հանրահավաքն ավարտված է, բայց հարակից տարածքում մի քանի վրան է խփված, տասնյակ մարդիկ որոշել են գիշերել տեղում: Նրանք հայտարարում են, որ ընդգրկուն բողոքները կվերսկսվեն նոյեմբերի 15-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս