«Միջազգային ներդրողները Հայաստանի նկատմամբ դեռևս սպասողական կեցվածք ունեն». ՄԱԿ-ի (UNSTAD) զեկույց
ՄԱԿ-ի (UNSTAD) Առևտրի և զարգացման կոնֆերանս կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի ներդրումների վերաբերյալ զեկույց, որում որպես ներդրումների վրա բացասաբար ազդող գործոն՝ հիշատակվում է Ամուլսարը:
Զեկույցում մասնավորապես ասվում է. «Միջազգային ներդրումային ծրագրերի շուրջ, ինչպիսին են, օրինակ, «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության Ամուլսարի ոսկու ծրագրի հետ կապված խնդիրները, որոնք, հնարավոր է, բիզնես միջավայրում խտրականության դրսևորում են, ինչպես նաև վերջին քաղաքական փոփոխությունները ներդրողների մոտ առաջացրել են սպասողական տրամադրություններ:
Զեկույցում նաև նշվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման մասին և հղում արվում Ամուլսարի խնդրին: Հատկանշական է, որ ըստ զեկույցի՝ 2008 թվականից ի վեր «Լիդիան ինթերնեյշնլի» ներդրումներն ապահովել են ամբողջ ուղղակի ներդրումների 9%-ը: Այսինքն՝ նույնիսկ 10 տարվա կտրվածքով այս ներդրման կարևորությունը երկրի համար դժվար է թերագնահատել: Մինչդեռ, եթե հիշում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին ամիսներին պնդում էր, որ ինքը շրջելու է տնտեսությունը, և այլ ներդրումներ են լինելու, որոնք հանքարդյունաբերության հետ չեն կապված: Եվ ահա, ըստ զեկույցի՝ նաև 2018 թվականի քաղաքական անորոշության արդյունում 2018թ. ավարտին ներդրումների 4 տարվա ծավալը գրեթե երկու անգամ ավելի քիչ էր, քան 2009-2013 թվականներին: Իսկ ո՞ւր են խոստացված ներդրումները այլ ոլորտներում: Դրանք չկան, և ՄԱԿ-ի զեկույցը, ի թիվս այլ պատճառների, հիշատակում է Ամուլսարը:
Միջազգային ներդրողները դեռևս սպասողական կեցվածք ունեն: Առկա ներդրողները UNCTAD-ին ասել են, որ չնայած փոփխություններին, նրանք դեռևս վստահ չեն, որ այդ փոփոխությունները կպահպանվեն: Նման սպասողական վարքագիծը հավանաբար ազդում է պոտենցիալ միջազգային ներդրողների վրա. «Լիդիանի» և Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված խնդրի կարգավորումը կարևոր քայլ կլինի այս ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ այս զեկույցն ավարտվում է 2018 թվականով և չի ներառում կառավարության հետագա իրարամերժ հայտարարություններն ու գործողություններն Ամուլսարի վերաբերյալ, որոնք շարունակվում են մինչ օրս, կարելի է միայն ենթադրել, որ այսօր բացասական ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա էլ ավելի մեծ է: Ավելորդ է ասել, որ հանքարդյունաբերությունից այսքան խորշող կառավարության ապահոված ներդրումներն այլ ոլորտներում ուղղակի չկան: