«Ցավոք սրտի, Հայաստանում մասնագիտական արժանիքները փոխարինվում են հայրենասիրությամբ». Ռուբեն Բաբայան

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չպետք է պարտադիր լինեն ոչ մասնագիտական ֆակուլտետներում:

«25 տարի է՝ աշխատում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 15 տարի է, որ դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչն եմ, և 15՝ ես բարձրացնում եմ այդ հարցը՝ այդ առարկաները չպետք է պարտադիր լինեն: Մեր մասնագիտական առարկաների ժամերը քիչ են՝ նորմալ դերասան պատրաստելու համար: Ժամանակակից դերասանը չի կարող շաբաթական 20 րոպե զբաղվել վոկալով: Նա ամեն օր պետք է ունենա վոկալ, բեմական շարժում, բեմական խոսք: Եվ սա միայն իմ կարծիքը չէ, սա բոլոր մասնագիտություն դասավանդող վարպետների կարծիքն է: Միակ հակափաստարկը, որին մենք հանդիպում ենք, այն է, որ դպրոցը չի ապահովում պատշաճ մակարդակ: Եկեք այնպես անենք, որ դպրոցն ապահովի»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Նա ընդգծեց. «Ցավոք սրտի, Հայաստանում մասնագիտական արժանիքները փոխարինվում են հայրենասիրությամբ»:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ ողջունում է այն, ինչ վերջերս կատարվում է ԿԳՄՍ նախարարությունում. «Նախարարության որոշումները սկսել են լինել ավելի գիտակցված և ընդունվում են մասնագետների հետ քննարկելուց հետո: Բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, որոնք պարզապես խոչընդոտում էին աշխատանքին, հիմա սկսել են վերանայվել հենց մեր պահանջով և հանվում են: Կազմակերպվում են սեմինարներ թատրոնի ղեկավար անձանց, հաշվապահության հետ, որոնք ուղղված են ավելի դինամիկ դարձնել աշխատանքը: Իմ խնդիրը միշտ եղել է արդյունավետ աշխատանքը՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության գլուխ»:

Մանրամասները՝ 168.TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս