Կենցաղային ցույցեր և աշխարհաքաղաքական արձագանքներ
Լիբանանյան իրադարձությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքացիական բնույթից հատելով սահմանը անցել էին արդեն քաղաքական հարթություն եւ վերածվել վարչակարգի եւ ընդհանուր պետական համակարգի արմատական փոփոխության համընդհանուր պահանջով հատկանշվող շարժման։
Հիմնախնդիրը հետզհետե ապահովում է տարածաշրջանային-աշխարհաքաղաքական հնչեղություն: Բնականաբար կային վերլուծումներ եւ մեկնաբանություններ` այս ամբողջ շարժման մի կողմից լիբանանյան ակունքներին, մյուս կողմից քաղաքական շահարկումների կամ արտաքին ներշնչումներ ունենալու տեսությունների մասին:
Մինչ, լիբանանյան փողոցը հետեւողականորեն շարունակում էր հայտարարել, որ շարժումը համալիբանանյան բնույթ եւ տարողություն ունի եւ բխում է զուտ լիբանանյան ակունքներից պարզ այն տրամաբանությամբ, որ տասնամյակներ շարունակվող ապաշնորհ վարչակառավարումը եւ դրա հիմք հանդիսացած համայնքայնությունը պատճառ են դարձել ավատապետական կարգերի արմատավորման, եւ զարգացման, համատարած թալանի, կոռուպցիայի եւ պետական գումարների մսխման, երկրում անջրպետային հեռավորություններ ստեղծելով աստղաբաշխական գումարներով հատկանշվող մեծահարուստների եւ համաշխարհային մրցանիշերի մոտեցող աղքատ հասարակության միջեւ:
Լիբանանը դեպի աշխարհաքաղաքական օրակարգ առաջնորդող հայտարարություններ հնչեցին հատկապես Վաշինգտոնի, Թեհրանի եւ Մոսկվայի կողմից:
Այսպես․ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը ուղղակի, բացորոշ հայտարարեց, որ պետք է աջակցել Իրաքի եւ Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատելու համար իրանյան ազդեցությունից: Երբ երկու ժողովուրդների օրինակները համատեղ են նշվում, պարզ է, որ Իրաքի հակաիրանյան բնույթ ունեցող ցույցերի եւ առ այս պահը նման պահանջներ չարծարծած լիբանանյան ցույցերի միջեւ քաղաքական զուգահեռ է գծվում: Վաշինգտոնը պաշտոնական այս հայտարարությամբ նույն ուղեգծի վրա է ուզում ընկալել տարածաշրջանում ուշագրավ շարժումների գաղափարաքաղաքական շարժառիթները:
Մյուս կողմից, ՌԴ արտգործփոխնախարար, ՌԴ նախագահի Միջինարեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ պատվիրակ Միխայիլ Բոգդանովը հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Լիբանանի դեսպան Շաուքի Պունասարի հետ եւ այդ առիթով հայտնել, որ զորակցում է Լիբանանի միությանը, գերիշխանությանն ու անկախությանը եւ «ազգային օրակարգի վրա գտնվող բոլոր հարցերը լիբանանյան սահմանադրության շրջածիրում նույնինքն լիբանանցիների կողմից լուծվելու կարեւորությանը` շեշտելով որեւէ ձեւով չարտոնել լիբանանյան հարցերում արտաքին միջամտությունները:
Սա ուղղակի պատասխան կարելի է համարել ԱՄՆ պաշտպանության նախարարին: Ռուս դիվանագետի հայտարարությունը կմեկանբանվի այնպես, որ ոչ միայն ՌԴ-ն ի՛նքը միջամուխ պիտի չլինի լիբանանյան իրադարձություններին, այլ դեմ է նաև, որ Վաշինգտոնը դա անի եւ այս դեպքում հակաիրանյան քայլեր ձեռնարկի Լիբանանում։
Թեհրանից հնչած երկու հայտարարություն անուղղակի արձագանք կարելի է համարել Պոմպեոյի արած սուր քաղաքականացման քայլին: Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերի խորհրդականը հայտնել էր, թե Լիբանանում եւ Իրաքում ընթացող ցույցերի բարձրաձայնած պահանջների մի մասը ժողովրդային է եւ կասկած չկա, թե Իրաքում եւ Լիբանանում գոյություն ունեն կոռուպցիա, գործազրկություն եւ բացթողումներ, սակայն եթե օտար դերակատարների կողմից այդ պահանջները օգտագործվեն, ապա արդյունքը ի շահ երկու երկրների ժողովուրդներին չի լինի։
Նա նաեւ նշեց, որ Իրաքում պահանջները այլեւս կառավարության բարեկարգումով չեն բավարարվում, այլեւ վարչակարգի տապալումով, իսկ Լիբանանում ոմանք վարչակարգի տապալում պահանջեցին, երբ մարդիկ կենցաղային պահանջներ ունեին:
Այս վերջին ընդգծումով իրանցի պաշտոնատարը պարզապես ասում է, որ կենցաղային խնդիրներով առաջացած շարժումը արագորեն քաղաքականացված է Լիբանանում, զգուշացնելով Լիբանանը արտաքին միջամտություններից:
Երկրորդը վերաբերում է Իրանի արտգործնախարարության բանբերին, որն արձագանքում է Էրդողանի հայտարարությանը: Էրդողանը խոսում էր Իրաքի ցույցերը Իրան տեղափոխման հավանականության մասին: Բանբերը չէր բացառում, որ գոյություն ունի ցույցերի Իրան տեղափոխման միտում:
Վաշինգտոն-Թեհրան-Մոսկվա եռանկյունային գծերի վրա արձանագրվող հայտարարությունները, պատասխանները կամ արձագանքումները` ընդգծում են տարածաշրջանում տեղի ունեցող ժողովրդային դրսեվորումների մի կողմից անկախ բնույթը, մյուս կողմից արտաքին ուժերի կողմից շահարկելի թեմա լինելը, բայց մանավանդ երրորդ եւ չորրորդ կողմերի միջեւ քաղաքական հակամարտության շրջագծման փորձերը։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր