«Ռոբերտ Քոչարյանն այդ հարցազրույցով ցույց տվեց, որ իրականության պատկերացումն իր մոտ չի խաթարվել, բացի մեկ կետից». Քաղտեխնոլոգ
Օրերս «Սպուտնիկ Արմենիա» կայքը հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծավալուն հոդվածը, որտեղ նա անդրադարձել էր Արցախի հիմնահարցին, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին և ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը: «Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:
Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը:
Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով»,- գրել էր Ռոբերտ Քոչարյանը։
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Ռ. Քոչարյանի հարցազրույցի մեսիջներին, նկատեց՝ հարցազրույցում կարելի է տեսնել, որ Երկրորդ նախագահը բավականին իրատեսական մոտեցումներ ունի շատ հարցերի վերաբերյալ, բացի մեկ կետից, որն Արևմուտքին վերաբերող կետն է։
«Երբ նախագահը խոսում էր Արևմուտքից ֆինանսավորվողների մասին, պետք է հստակեցում մտցներ՝ ոչ թե Արևմուտքից, այլ Արևմուտքի գլոբալիստական թևից, քանի որ հիմա Արևմուտքն այն տեսքը չունի, ինչ մի քանի տարի առաջ էր։ Իսկ մնացած հարցերը, որոնք նա բարձրացրել էր, պատասխանի կարիք ունեն, և օրվա իշխանությունները պետք է պատասխանեին»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերը համապատասխանում են իրականությանը, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է դրսևորեին որոշակի մոտեցում։
«Քոչարյանն այդ հարցազրույցով ցույց տվեց, որ իրականության պատկերացումն իր մոտ չի խաթարվել: Նա շատ ճիշտ նկատել էր, որ Էրդողանի վրա ԵՄ-ն այլևս որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեին, այլ ոչ թե ասեին՝ Երկրորդ նախագահի բաձցրաձրած հարցերը մեզ չեն հետաքրքրում։ Հիմա եթե Քոչարյանը չբարձրացներ, Պետրոսը կամ Կիրակոսը բարձրացներ, դրանից ինչ-որ բան փոխվելո՞ւ էր, չէ՞ որ հարցեր կան, որոնց պետք է պատասխաններ տան»,- հավելեց Արմեն Բադալյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ հարցերի անպատասխան մնալն իր համար բոլորովին էլ տարօրինակ չէ, քանի որ հարցերին պատասխան տալու համար պետք է ունենալ համապատասխան ինտելեկտ և պատկերացում՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ու գործընթացների վերաբերյալ։
«Երբ նայում ենք ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին, մի քանիսից բացի, մնացածը, կարելի է ասել, գաղափար չունեն, թե Քոչարյանի հարցազրույցում բարձրացրած խնդիրները գոյություն ունե՞ն, թե՞ ոչ, եթե գոյություն ունեն, ապա դրանց նկատմամբ ի՞նչ վերաբերմունք պետք է դրսևորվի։
Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա եղած խնդիրների մասին այդքան էլ պատկերացում չունի, քանի որ նա դա արդեն ցույց է տվել։ Այնպես որ, բացարձակ տարօրինակ չէ, որ այն խնդիրները, որոնք բարձրացվել են, մնում են անլուծելի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
Զվարթ Խաչատրյան