ԱՄՆ-ում առաջարկել են մարմին ստեղծել ինտերնետ-ընկերությունների կողմից տվյալների հավաքումը հսկելու համար
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երկու օրենսդիրներ առաջարկում են երկրում ստեղծել նոր կարգավորիչ մարմին, որը կզբաղվի Համացանցում ընկերությունների կողմից ամերիկացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքմանը վերաբերող հարցերով: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ինչպես նշում է հրատարակությունը, այս առաջարկությամբ հանդես են եկել դեմոկրատներ Աննա Էշուն եւ Զոյի Լոֆգրենը, որոնք ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացնում են Կալիֆոռնիան: Նրանք օրինագիծ են պատրաստել կարգավորիչի ստեղծման մասին, որը կմշակեր Համացանցում անձնական տեղեկատվության պաշտպանության ոլորտի նորմաները, ինչպես նաեւ հսկողություն կիրականացներ դրանց կատարման նկատմամբ: Բացի այդ, նրանք հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ ամերիկացիներն ավելի մեծ հնարավորություններ ունենան հսկողություն իրականացնելու այն բանի նկատմամբ, թե Համացանցում աշխատող ընկերություններն ինչպես են վարվում իրենց անձնական տվյալների հետ: Հրատարակության գնահատմամբ, այդ օրինագիծն առավել մշակվածն է նրանցից, որոնք ավելի վաղ այդ ոլորտում ներկայացրել են դեմոկրատները:
Էշուի եւ Լոֆգրենի առաջարկությունների համաձայն, նոր կարգավորիչ մարմինը պետք է լինի անկախ եւ չմտնի գոյություն ունեցող գերատեսչություններից որեւիցե մեկի մեջ: Նրա ղեկավարին պետք է նշանակի ԱՄՆ-ի նախագահը՝ հինգ տարի ժամկետով:
Հրատարակությունն արձանագրում է, որ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, հավանության չի արժանանա: Հրապարակման մեջ նշվում է, որ Կոնգրեսում հանրապետականները հավանաբար դեմ կարտահայտվեն նոր կարգավորիչի ստեղծմանը: Հանրապետականների թվից մի քանի կոնգրեսականներ հայտնել են, որ պատրաստ են շարունակել կոնսուլտացիաներն այդ թեմայի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: