«Սեդրակ Քոչարյանին արգելված է տեսակցել հորը». փաստաբան

Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու խնդիրներ դեռ կան: Այսօր լրագրողների հետ զրույցում  հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Սեդրակին արգելված է տեսակցել հոր հետ»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ ընտանիքի մյուս անդամները կարողանում են տեսակցել ՀՀ երկրորդ նախագահին, արգելք է դրված միայն Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա::

Արգելքի հիմնավորումների մասին տեղեկանալու համար 168.am-ը խոսեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի ներկայացուցչի հետ: Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին, որ  հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

«Դուք պետք է զանգեք վարույթն իրականացնող մարմնին, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կալանավորված անձ է, իր դեպքում վարույթն իրականացնող մարմինն է արգելքներ դնում»,- տեղեկացրին ՔԿԾ-ից:

Հարցի պատասխանը ստանալու նպատակով 168.am-ը դիմեց Հատուկ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին: Պարզվում է՝ տեսակցության արգելք դնելու հարցն այս պահին ՀՔԾ լիազորություններից դուրս է:

«Դա պիտի դատարանից ճշտեք, որովհետև հիմա գործը դատաքննության փուլում է, արդեն մեր իրավասությունը չէ: Եթե արգելում են, իրենք պիտի արգելեն: Դա իրենց իրավասության շրջանակում է»,- ասաց Օհանջանյանը:

Հետո դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը ևս մեզ ասաց, որ հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

«Բարձրագույն դատական խորհուրդն արդարադատական պրոցեսներին չի խառնվում: Դա մեր լիազորություններից դուրս է: Իմ իրավասություններից դուրս է որևէ մեկնաբանություն տալը»,- ասաց Խաչատրյանը՝ մեզ հորդորելով խոսել դատախազության կամ Քոչարյանի փաստաբանների հետ:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է:

«Դա նախաքննական մարմնի, քննիչի գործառույթն է»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Կրկին կապ հաստատեցինք Հատուկ քննչական ծառայության հետ: Մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը կրկնեց, որ տեսակցության արգելքի հարցն իրենց իրավասության մեջ չի մտնում:

«Փորձեք ճշտել ընդհանուր իրավասության դատարանից: Ամեն դեպքում մեր իրավասության շրջանակում չի: Հաստատ մեր իրավասության շրջանակում չէ: Արդեն նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ գնացել է դատարան: Այսինքն՝ հիմա գործը դատաքննության փուլում է, և այդ ամբողջ հարցն իրենց իրավասության տիրույթում է»,- ասաց Օհանջանյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի հեռախոսահամարը չէր պատասխանում:

168.am-ը խոսեց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ: Փաստաբանն ասաց, որ երբևէ որևէ հիմնավորում Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին պաշտպանական թիմը չի ունեցել:

«Ռեալ պատճառաբանություն չենք ունեցել երբեք: Նախկինում ամբողջ ընտանիքի մասով կար արգելք, միջնորդեցինք, իր (Սեդրակ Քոչարյանի) մասով միջնորդությունը մերժվեց, մյուսների մասով՝ բավարարվեց»,- ասաց Խուդոյանը՝ ավելացնելով, որ տեսակցության արգելքը մնացել է նախաքննության փուլից:

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյանը, ասաց, որ տեսակցության արգելք սահմանելու հիմքերի մասին տեղեկություն ստանալ կարող ենք Քրեակատարողական ծառայությունից: Բայց, ինչպես արդեն նշել ենք, Քրեակատարողական ծառայությունից 168.am-ին ասել էին, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է, և ուղղորդել էին նախաքննական մարմին:

Այդուամենայնիվ, փաստաբան Ալումյանը որոշ պարզաբանում տվեց. «դեռևս երբ պարոն Քոչարյանն առաջին անգամ կալանավորված էր և գտնվում էր Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, քննիչը նրա տեսակցություններն արգելելու մասին մի որոշում էր կայացրել: Հետո մնացած հարազատների հետ արգելքը բացեցին, բացառությամբ Սեդրակ Քոչարյանի»:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ էր դա պայմանավորված, Ալումյանը պատասխանեց, որ ոչ մի հիմնավոր փաստարկ այդ մասով չի լսել և չի տեսել որոշման մեջ:

Ալումյանն ասաց, որ, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվելուց հետո ազատ էր արձակվել, տեսակցության արգելքի հարցն արդեն պետք է սպառված լիներ: Բայց հաջորդ 2 կալանավորման դեպքում էլ այդ արգելքը շարունակվել է:

«Այսինքն՝  արգելքը պետք է գորություն չունենար: Այնուամենայնիվ քրեակատարողական հիմնարկն արդեն երրորդ անգամ կալանավորելիս էլի կիրառեց այն հին արգելքը: Դրանից հետո գործը գնաց դատարան, բայց էլի գործում էր քննիչի  կիրառած արգելքը, թեև դա ակնհայտ ոչ իրավաչափ էր, քանի որ դատարանը պիտի այդ արգելքը կիրառի կամ չկիրառի, քանի որ գործը հիմա գտնվում է դատարանի վարույթում»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այս հարցի կարգավորման համար վաղուց դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, բայց այդ առումով տեղաշարժ դեռևս չկա:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս