Բաժիններ՝

Վիճաբանություն և կրակոց Քարակերտում. ի՞նչ կապ ունեն ՀԱԿ անդամ Սափեյան եղբայրները

Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում:

Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ  Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:

Վիճաբանություն է սկսվել, ծեծուջարդ, կրակոց է հնչել: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:

Մինչև ոստիկանության ժամանելը, ըստ 168.am-ի աղբյուրի, Սափեյանները փախել են:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին, ով հաստատեց, որ նշված վայրում միջադեպ է տեղի ունեցել:

«Ժամը 12.00-ի սահմաններում Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում տեղակայված «Թալին ՋՕ»-ի վարչական շենքում վիճաբանություն է: Այս պահին դեպի հանգամանքները պարզվում է, Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Վերջինս, ի պատասխան մեր հարցին, ասաց, որ այս պահին ձերբակալվածներ չկան, տեղեկություններ են ստուգվում, նյութեր են նախապատրաստվում:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս